«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Փիրուզա Մելիքսեթյան. «Պլոմբած վագոնից» մինչև «փրԳչի» նոր հեղափոխություն

Փիրուզա Մելիքսեթյան. «Պլոմբած վագոնից» մինչև «փրԳչի» նոր հեղափոխություն

«Պլոմբած վագոնից» մինչև «փրԳչի» նոր հեղափոխություն

«Երկիր Նաիրին» սովորական վեպ չէ. այն հայ քաղաքական մտքի ու պետականակործան վարքագծի անողոք անատոմիան է։ 
Հավերժական «հայելի», որը մեկդարյա հեռավորությունից վիրաբուժական ճշգրտությամբ ցույց է տալիս մեր այսօրվա դառն իրականությունը։
Չարենցը, որպես հանճարեղ ախտորոշող, հետազոտող նյարդաբանի մանրակրկիտությամբ մերկացրեց նաիրյան վերացական ճառասացությունը, քաղաքական սնափառությունն ու անպատասխանատվությունը, որոնք երկիրը հետևողականորեն տանում են դեպի անխուսափելի կործանում։

Այդուհանդերձ, ինչու՞ կրկին Չարենց, և ինչու՞ նորից նրա անողոք «հայելին»։

Ամեն ինչ սկսվեց ինքնաբերաբար, երբ 2026-ի սեպտեմբերի 5-ին ականջս բառացիորեն ծակեց սույն «խոստովանությունը».

«Հեղափոխությունից ութ տարի հետո ես ինքս ինձ համար արձանագրել եմ, որ ինձ ավելի շատ սկսել ա հետաքրքրել Լենինը…»։

Կարծում եմ՝ դժվար չէ կռահել, թե ում գլխում կարող էր ծնվել նման «մոնումենտալ» միտք։ 

Այո՛, այո՛, հենց ինքն է՝ մերօրյա Նաիրիի ինքնահռչակ «հանճարը», «ժողովրդավարության» անզուգական ինքնակալը՝ սեփական անձով հմայված ու անփոխարինելիության ախտով տառապող։

Ազգային պատկերասրահում՝ «Քայլ արա»-ի հերթական շնորհանդեսին, նա հանրությանը «երջանկացրեց» նաև մեկ այլ ինքնամոռաց բացահայտմամբ.
«Իմ ամենամեծ տպավորությունը մեր հեղափոխության մասին թողել է այն, երբ 2018-ին արդեն վարչապետի պաշտոնում՝ շփվելով այլ երկրների ղեկավարների հետ, զարգացած երկրի երկարամյա մի ղեկավար ասում է՝ գիտես, մեր երկրին էլ է այդպիսի հեղափոխություն պետք: Եվ ես ուզում եմ իմ ելույթն ավարտել արձանագրումով, որ մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»։

Դժվար նա գիտակցի, թե որքան անողոքաբար է մերկացնում սեփական իշխանության ունայնությունը։

ՈՒթ տարվա ավերածություններից, հայրենազրկումից, հազարավոր զոհերից ու պետական համակարգի կոլապսից հետո նման բացահայտումն անվերապահ ձախողման ինքնախոստովանություն է։ Երբ երկիրը բացարձակ միահեծան ղեկավարողը հայտարարում է, թե «էլի հեղափոխություն է պետք», նա անուղղակիորեն ընդունում է. իր կերտած «նոր Հայաստանն» այնպիսի գահավիժման մեջ է, որտեղ միակ «ելքը» կրկին քանդելն ու ավերելն է։

«Նաիրյան» ավանտյուրիզմն այլ կերպ չի էլ լինում․ երբ շենացնելու ու պատասխանատվություն կրելու անընդունակ գահակալը փորձում է իշխանությունը պահել անվերջանալի քաոսի, «թշնամիներ փնտրելու» և հանրությանը մշտական ցնցումների մեջ պահելու մոլուցքով։

«Զարգացած երկրի ղեկավարի» իրական կամ մտացածին սփոփանքներով ինքնահիացող մերօրյա «փրԳիչը» չի էլ նկատում, որ իր անվերջանալի «հեղափոխությունը» երկիրը հասցրել է օրհասական հանգրվանի՝ խարխլելով պետականության վերջին հիմքերը։
«Մեր երկրին էլի՛ է հեղափոխություն պետք» ախտավոր այս բացահայտումն ակամա ստիպում է Լենինով ոգեշնչված ու նրանով «վառվող» մերօրյա գահակալին տեղավորել չարենցյան նույն ողբերգական տեսակի կողքին.

«Արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած չին զորքերու և անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր»։

Այս դառը, բայց վիրաբուժական ճշգրտություն ունեցող պատկերից հետո շերտ առ շերտ բացահայտենք, թե ինչպես է «Երկիր Նաիրին» խոսում հենց մեր ներկայի հետ՝ ուրվագծելով նորօրյա երկրաքանդների հավաքական կերպարը։

«ՆԱԻՐՅԱՆ» ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՄԵՐ «ՖԵՅՔ» ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Չարենցի վեպում «Նաիրին» շենացող, հողեղեն ու շոշափելի պետություն չէ․ այն պոպուլիստական ճառերով, լալահառաչ տեքստերով ու մշուշոտ խոստումներով սնվող առասպել է, որի փայլուն պատյանի տակ բացարձակ դատարկություն է ու անպատասխանատվություն։

Ճիշտ նույն կերպ էլ այսօր՝ «հեղափոխության», «ժողովրդավարության բաստիոնի» կամ «խաղաղության դարաշրջանի» աղմկոտ կարգախոսների հետևում թաքնված է պետականության հիմքերի հետևողական քանդումը։

Չարենցյան հերոսները վաճառում էին «մտացածին Նաիրին»՝ կործանման տանելով իրական քաղաքն ու մարդկանց։ 

Նորօրյա «նաիրցիները» նույն վարպետությամբ իրական պետականությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգային արժանապատվությունը փոխարինել են մեդիա-փուչիկներով, «ֆեյք» հաջողություններով ու վիրտուալ PR-ակցիաներով։

Երկուստեք նույն ձեռագիրն է․ բառերի ճոխություն՝ իրականության ամայացման վրա, և անվերջանալի ճառեր՝ սեփական անգործությունն ու դավաճանական էությունը քողարկելու համար։

ՓԱԽՈՒՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐԲՈՂՆԵՐ՝ ԱՌ ԱՄԵՆԱԿՈՒԼ ՔԱՈՍ

Չարենցյան «Նաիրիի» քաղաքական գործիչները, իրական արտաքին վտանգին դեմ առ դեմ կանգնելու, պետությունը պաշտպանելու և գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, մինչև վերջին վայրկյանը զբաղված էին ինքնախաբեությամբ, ներքին «դավաճաններ» որսալով ու անվերջանալի ճառերով՝ մինչև աղետը չբախեց դուռն ու քաղաքը չընկավ։

Այսօր նույն վարքագիծն է․ տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ, հարցականի տակ դրված պետականություն, իսկ երկիրը գահավիժման տարած խմբակը՝ պատասխանատվությունից խուսափելու ճղճիմ հնարքների մեջ։ Սեփական ձախողումներից ու ռեալ քաղաքականությունից այս փախուստն արտահայտվում է ամենաաբսուրդ ձևերով՝ «Լենինով հմայվելուց» ու «նոր հեղափոխություններ» խոստանալուց մինչև պետական ինստիտուտների վերջնական արժեզրկում։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ներբող ամենակուլ քաոսին։

Կառավարելու, կառուցելու և պաշտպանելու անընդունակ իշխանությունը փորձում է հավերժացնել իր գոյությունը մշտական ցնցումների, ներհասարակական ատելության ու անվերջանալի «հեղափոխական» ավանտյուրաների մթնոլորտում։

ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏԸ՝ ՈՐՊԵՍ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ»

Չարենցյան վեպում երկրի վերջնական կործանումից ու քաղաքի հանձնումից հետո անգամ կերպարներից և ոչ մեկը չի ընդունում սեփական մեղքն ու պատասխանատվությունը։ Նրանք շարունակում են արդարացումներ փնտրել, մեղադրել աշխարհին, ճակատագրին կամ «դավադիր» հանգամանքներին՝ իրենց դատարկամտությունն ու դավաճանական կուրսը շղարշելով անմեղության քողով։

Նորօրյա երկրաքանդների ամենասարսափելի հատկանիշը նույնպես սեփական մեղքի, անկարողության ու կործանարար քաղաքականության բացարձակ անտեսումն է։ Նրանց համար Արցախի հանձնումը, «Եռաբլուրի» մի քանի անգամ ընդլայնումը, հայրենի հողի կորուստն ու պետականության օրհասական ցնցումներն ընդամենը «պատմական անխուսափելիություն» են, «տեխնիկական պատահար», «նախկինների ծանր ժառանգություն» կամ՝ «կադաստրի վկայական ստանալու» ցինիկ գործընթաց։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ լրբի քաղաքականություն։

Ազգային ողբերգությունը, հազարավոր ընտանիքների ցավն ու հայրենազրկումը վերածում են չոր, անհոգի վիճակագրության, իսկ սեփական աթոռը պահելու համար հասարակությանը հետևողականորեն զրկում են դիմադրողականությունից, հիշողությունից ու արժանապատվությունից։

ԼԵՆԻՆՅԱՆ «ՊԼՈՄԲԱԾ ՎԱԳՈՆԸ» ԵՎ ԴՐՍԻ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՐԿՐԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

«Արյունարբու մի սկյութի», «ռսացած մի մոնղոլի», «մի գերմանական լրտեսի» ու «պլոմբած վագոնով հայրենիք վերադարձի» մասին չարենցյան դրվագը հայ գրականության ամենատպավորիչ, սուր և սիմվոլիկ պատկերներից է։ Հաշվի առնելով տեքստի ստեղծման ժամանակաշրջանը (1921-1924 թթ․) և օգտագործված դետալները՝ անհերքելի է, որ Չարենցի թիրախում հենց Լենինն է։

Այստեղ կանխորոշիչը կոնկրետ պատմական դետալն է՝ «պլոմբած վագոնը»։ 1917-ի ապրիլին Լենինը կողմնակիցների հետ Շվեյցարիայից Ռուսաստան վերադարձավ հենց գերմանական կնքված գնացքով։ Լենինի ընդդիմախոսներն այս փաստն արձանագրում էին որպես ապացույց, որ նա գերմանական լրտես է և ռուսական բանակն ու պետությունը ներսից քայքայելու պատվեր է կատարում։ Չարենցը, օգտագործելով այս եզրույթը, անսխալ մատնանշում է երևույթի բուն էությունը։

Եվ այսօր, երբ երկիրը քաոսի հասցրած պսևդո-վարչապետը փորձում է «Լենինով հմայվել» կամ նրա կերպարում արդարացում փնտրել, ակամա մերկացնում է սեփական էության քանդարար ու մահաբեր սկիզբը։ Սա նույն «պլոմբած վագոնի» տեխնոլոգիան է․ արտաքին պատվերով ներսում ավերածություններ անել, քանդել պետական ինստիտուտները, պառակտել հասարակությունն ու այդ ամենը փաթեթավորել «հեղափոխական» ճչան կարգախոսներով։

Չարենցյան «գերմանական լրտես» ձևակերպումը Լենինի հասցեին հիմնված էր նաև Բրեստ-Լիտովսկի խայտառակ հաշտության պայմանագրի վրա։ «Հեղափոխականների» պատճառով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունը ներսից քայքայվեց, ծնկի բերվեց և հանձնեց հսկայական տարածքներ՝ Արևմտյան Հայաստանի ազատագրված հատվածներից մինչև Կարսն ու Արդահանը՝ հայ ժողովրդին կանգնեցնելով հայրենազրկման հերթական ողբերգության առաջ։

ՈՒՂԻՂ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՏ

Պատմության ձեռագիրը նույնական է՝ մինչև սարսուռ առաջացնող դետալները։ Ինչպես 100 տարի առաջ Բրեստ-Լիտովսկով հաղթած երկիրը տարան պարտության՝ «հեղափոխականների» ձեռքով, այնպես էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ գիշերը ստորագրված խայտառակ փաստաթղթով կապիտուլացվեց և ծնկի բերվեց 30 տարի հաղթանակած Հայաստանը։

Երկու դեպքում էլ տեխնոլոգիան նույնն էր․ ներսից քանդել բանակն ու պետականությունը, պառակտել հասարակությունը, պատերազմի ընթացքը վերածել աղետի, իսկ հետո դավաճանական տարածքային հանձնումները փաթեթավորել «խաղաղության» և «պետականության փրկության» կեղծ կարգախոսների տակ։

Նորօրյա «լենինիստները», հմայվելով այդ կերպարով, ըստ էության, անկեղծանում են․ նրանց համար սեփական աթոռը պահելու գինը հաղթանակած հայրենիքի կապիտուլյացիան է, Արցախի հայրենազրկումն ու պետականության հետևողական մորթը։

«Երկիր Նաիրին» ավարտվեց ազգային ողբերգությամբ, որովհետև նաիրյան հանրությունը չկարողացավ ժամանակին տարբերել իրական պետականությունը կեղծ ճառերից, իսկ ազգային առաջնորդությունը՝ «պլոմբած վագոններով» ներսրսկված քաղաքական ավանտյուրիստներից։

Այսօր մենք կանգնած ենք նույն պատմական հանգուցալուծման առջև։ Հայաստանի Հանրապետությունը չի՛ կարող գոյատևել որպես «ֆեյք» իլյուզիա կամ օտարածին քաղաքական տեխնոլոգիաների փորձադաշտ։ Պատմության դասերը չսերտելը նշանակում է կրկնել դրանք՝ սեփական արյան ու պետականության վերջնական կորստի գնով։

Մեր հավաքական արթնացումը սկսվում է ճշմարտությունը ճակատին ասելուց․ մերժե՛լ նաիրյան ինքնախաբեությունը, կանգնեցնե՛լ պետականակործան ընթացքն ու տե՛ր կանգնել իրական, սուվերեն և արժանապատիվ Հայաստանին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ