«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Քոչարյանի և մյուսների գործով դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է

Քոչարյանի և մյուսների գործով դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է

Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 9-ը երկարաձգել  է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ ներկայացված դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում էՍահմանադրական դատարանի կայքը:

«Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետով՝ Սահմանադրական դատարանը որոշեց լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործ) դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը»,- նշված է որոշման մեջ:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և այլոց վերաբերյալ քրեական գործով դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանադրական կարգը տապալելը) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի ( իշխանությունը զավթելը) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1(Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է) և 57-րդ հոդվածները (Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Դատարանը որոշում էր կայացրել կասեցնել քրեական գործի վարույթը` մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը: 
ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների՝ Վերաքննիչ դատարանում քննության օրը նշանակվել է  հունիսի 12-ը` ժամը 12:00-ն: