Թաթուլ Հակոբյան. Խաղաղության մեր գնացքը վաղուց հեռացել է
Ալիք Մեդիա. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, 44-օրյա անդադար կրակից հետո հրանոթները լռեցին: Մենք կորցրինք Արցախի երեք քառորդը, տվեցինք 4 հազարից ավելի զոհ եւ շուրջ 10 հազար վիրավոր, Հայաստանը զրկվեց Արցախի անվտանգության երաշխավորի եւ տարածաշրջանային խաղացողի կարգավիճակից:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` պարտության թիվ 2 մեղավորն ու պատասխանատուն, դիմելով հայ ժողովրդին, ասաց, որ մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա, եւ «եթե պատերազմը շարունակվեր, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախը»:
«Որոշումը որ կայացվել է, չգիտեմ՝ պատմությունը ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել»,- ասաց Արցախի նախագահը:
Պարտության թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ եթե սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, զինադադարի համաձայնություն կնքվեր, «ապա պայմանները նույնն էին՝ հանձնել 7 շրջանները, սակայն նման քայլի չեն գնացել, որովհետեւ հավատում էին՝ հայ ժողովուրդը, բանակը կկարողանան այնպես անել, որ հայկական կողմերը հրադադար պարտադրեն»։
Սեփական ուժերի կարողությունը չիմանալը, հակառակորդին թերագնահատելն ու տարածաշրջանային/միջազգային զարգացումները չհասկանալը պետության ղեկավարի դեպքում ամենամեծ հանցագործությունն է: Այս հարցում Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը բացառություններ չեն: Այս հանցագործությունն ունի այլ պատասխանատուներ՝ Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Սերժ Սարգսյան, Բակո Սահակյան:
1997-ին Ադրբեջանը քանդված էր, չուներ բանակ եւ պատրաստ էր խաղաղության: Մենք տարել էինք վերջին 100-ամյակների մեր փառահեղ հաղթանակը, ունեինք բանակ եւ հնարավորություններ Արցախի հարցում ստանալու հնարավոր առավելագույնը: Խաղաղության գնացքը բաց չթողնելու ճիշտ եւ ճշգրիտ ժամանակն էր:
1998 թվականի փետրվարյան ռազմական հեղաշրջումից հետո, որն իրականացրին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը, մենք վերջնականապես բաց թողեցինք արժանապատիվ խաղաղություն բերելու բոլոր հնարավորությունները: Այս մարդիկ ոչ միայն պետական հեղաշրջում իրականացրին, այլեւ դարձան ոչմիթիզականության ճարտարապետները: 1998-ից հետո Հայաստանում եւ Արցախում մեր ունեցած հազարավոր զոհերի ու վիրավորների համար նրանք, ինչպես Փաշինյանն ու Հարությունյանը, Ղուկասյանն ու Սահակյանը, ուղղակի պատասխանատվություն են կրում, եւ նրանք կանգնելու են Հայոց պատմության պատասխանատվության պատի տակ:
Ինչպես 1920 թվականի Կարսի եւ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի կորստից առաջ, այնպես էլ 1997-ին մենք ունեինք հնարավորություն ուղիղ բանակցությունների ճանապարհով արժանապատիվ խաղաղություն բերելու Արցախին ու Հայաստանին, սակայն իշխանության հասնելու մոլուցքը շեղեց Հայոց պատմության ընթացքը՝ կանգնեցնելով մեզ 44-օրյա աղետի առաջ: Եվս 30 տարի ստատուս-քվոն պահելու, հանուն կարգավորման դավաճանի պիտակ կրելու խոստովանությունը եւ պոստ-ֆակտում վերլուծությունները արժեք չունեն այլեւս...»:
Թաթուլ Հակոբյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում