Թշնամին հարձակողական գործողություններ է սկսել Արցախի 2 բնակավայրի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են արցախյան 2 բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ ՊԲ ստորաբաժանումները համարժեք միջոցառումներ են ձեռնարկում հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:
Ադրբեջանի կողմից Արցախի հարավային հատվածի գրավումից հետո Հադրութի շրջանի այս երկու գյուղերը մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանք գրեթե շրջափակման մեջ են։
Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: