Զոյա Թադևոսյան. Կանգ առե՛ք, մի՛ գնացեք ինքնաոչնչացման
Դիմում եմ գործընկերներիս և ուսանողությանը՝ որպես ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ավագ սերնդի ներկայացուցիչ
Հարգելինե՛ր, սիրելինե՛ր
Պետության, հասարակության կայացման գործում կրթության և գիտության դերը արժևորող ցանկացած մեկը չի՛ կարող և իրավունք չունի՛ նսեմացնելու այն մարդկանց ապրած կյանքն ու վաստակը, ովքեր մաքառումների, զրկանքների, անսահաման նվիրումի գնով հասել են մեր բուհի կայացմանը: Խորհրդային կրթական համակարգից անցումը նորին զրոյացրեց մի ամբողջ դարաշրջան՝ թե՛ գիտական, թե՛ գաղափարական, թե՛ դասավանդման հմտությունների ու տեխնոլոգիաների տեսանկյունից: 30 տարի բուհական համակարգը հաղթահարում է անցյալի մնացուկները: Կարծրացած գաղափարների, մտածողության, ներկային համարժեք հայեցակարգերի, գիտական մոտեցումների և պոստուլատների արմատավորումը հեղափոխական գործիքներով հնարավոր չէ իրականացնել՝ հատկապես նյութական և ֆինանսական սուղ ռեսուրսների, նախկին իշխանությունների թալանչիական քաղաքականության, բուհական համակարգը բռնապետական ռեժիմի վերարտադրության նպատակներին ծառայեցնելու պատճառներով:
Աթոռատենչների և ինքնամեծարների՝ ցանկացած անբարո ճանապարհով պաշտոն ձեռք գցելու մոլուցքը, ծանր ու անբուժելի հիվանդություն է:
Հարգելի գործընկերնե՛ր, ուսանողնե՛ր
Հաշվի առե՛ք վերջին հանգամանքը, միաժամանակ մի՛ մոռացեք, որ Դուք միակամ եք և համախմբված՝ կյանքի կոչելու համալսարանի կողմից հռչակված ռազմավարական նպատակները:
Հասկանում եմ, Ձեր ամենօրյա գործունեությունը հարամում են վայրահաչությամբ, խարդախություններով, խարդավանքներով, կեղծիքների ու ստերի տարափով և փորձում են շեղել հիմնական գործից: Դա հե՛նց հակահեղափոխությունն է: Հակահեղափոխական տարրերն ամենուր են, նրանք կոչված են սևացնելու, ոտնահարելու, կործանելու առաջադիմականը: Փակե՛ք նրանց ճանապարհը Ձեր վեհանձնությամբ, ինքնավստահությամբ, Ձեր աշխատանքով և ձեռքբերումներով:
Ավելի վտանգավոր են գառի դիմակով գայլերը, որոնք ճիշտ ժամանակին հայտնվում են իրենց համար ճիշտ տեղում:
Նոր իշխանությունների, Վարչապետի տեղը լինեիք՝ ի՞նչ կանեիք: Ամեն, կանխատեսելի և անկանխատեսելի կողմերից հարվածների ենթարկվելով, դավադրություններն ու վայրահաչությունները կանխելով՝ շարունակում են իրացնել հեղափոխական բարեփոխումները:
Հարգելի գործընկերնե՛ր և սիրելի ուսանողնե՛ր
Մի՛ փոշիացրեք Ձեր էներգիան, ջանքերը՝ ուրացողի, անկիրթի բարբաջանքներին հակադարձելու վրա: ՓԱԿԵ՛Ք ԱՆՑՅԱԼԻ ԷՋԸ:
Հ.Գ. Հակահեղափոխական դավադրություններ թո՛ւյլ չենք տալու: Կանգ առե՛ք, մի՛ գնացեք ինքնաոչնչացման: Տարբեր մակարդակի իշխանավորների, Վարչապետի մոտ ընդունելություն մուրալու, փակ դռների հետևում կեղծիքն ու սուտը, հերյուրանքն ու ատելությունը, գործընկերների նկատմամբ ոչնչով չբացատրվող ոխակալությունը՝ որպես բարեփոխում ներկայացնելու ջանքերը վերաուղղե՛ք և վերադարձե՛ք բարոյական հուն: Հակառակ դեպքում՝ ձեր «կեղտոտ ձեռքերը» հեռու պահե՛ք հեղափոխական արժեքներից:
Գիտենք և՛ ձեր «սննդի ռացիոնը», և՛ «ընտանիք» հասկացության նկատմամբ դիրքորոշումը, և՛ Նոր Հայաստանի կերտման գործում ձեր ունեցած նախկին «ավանդների» ողջ զինանոցը: