Ադրբեջանական շարասյան ճանապարհը փակած մարտակերտցիները դադարեցրել են ակցիան

Արցախ 19.01.2021   12:35   185

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները հունվարի 18-ին փակել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:

«Ճանապարհը փակելու նպատակը Վարդենիս տանող ճանապարհը մեզ համար ևս հասանելի դարձնելու պահանջն էր: Ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մինչդեռ,  այդ նույն՝ բավականին կարճ ճանապարհով դեպի Վարդենիս երթևեկելն անհասանելի է մեզ համար: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ռուս խաղաղապահների ուշադրությունն այս հարցին հրավիրելն էր, որպեսզի անվտանգ պայմաններ ապահովեն՝  այս ճանապարհով Վարդենիս հասնելու համար»,- ասաց Դրմբոնի համայնքապետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ՝ ճանապարհը փակելու գործողությունը դադարեցրել են, որովհետև ադրբեջանական ավտոշարասյանն ուղեկցող խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը  խոստացել է իրենց խնդրագիրը փոխանցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Հույս ունենք, որ խնդիրը դրական լուծում կստանա և կրկին ճանապարհը փակելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ավելացրեց Հակոբյանը:

Հունվարի 18-ին ֆեյսբուքում հրապարակած տեսանյութից հայտնի է դարձել, որ Դրմբոնի բնակիչները փակել էին իրենց գյուղի տարածքով Քարվաճառ տանող ճանապարհը: Տեսանյութում խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծում է, որ Վարդենիս տանող 90 կիլոմետրանոց ճանապարհի փոխարեն՝  հարազատներին այցելելու համար,  ստիպված են 500 կմ ճանապարհ անցնել: Ուստի խնդրում են ապահովել խաղաղ բնակչության անվտանգ ու անխոչընդոտ երթևեկությունը դեպի Վարդենիս: Նույն տեսանյութում, գյուղացիներին մոտեցած ռուս խաղաղապահը նշում է, որ իրենց առաքելության նպատակը   հրադադարի ռեժիմի պահպանումն է և ենթակառուցվածքների աշխատանքի ապահովումը: 

«Այդ հարցը բարձր մակարդակում է որոշվում: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծում ստանա»,- ասել է ռուս զինվորականը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դրմբոն, Մարտակերտ, ԼՂ, Արցախ, Ռուստամ Մուրադով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon