Դավիթ Մաթևոսյան. «Պատանդների վերադարձման մանրամասներ»

Խոսք 17.09.2021   20:00   1041

ԱԺ նախկին պատգամավոր, 1991-1995-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի ժամանակ:

Հատված «ՍԿԻԶԲ» նոթերից. Պատանդների վերադարձման մանրամասներ

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին։ Մեր կողմից մասնակցում էինք Ենոքը, Ղեւոնդը, ես, Կապանի շրջխորհրդի ու քաղխորհրդի նախագահները, որոնք գերագույն խորհրդի պատգամավորներ էին եւ Կապանի ոստիկանապետը։ Ադրբեջանական կողմը գլխավորում էր Նախիջեւանի ՆԳ նախարար Մահմեդով Մահմեդը։ Մենք գործի դրեցինք Նյուվադիում փորձարկված անկառավարելի զինված խմբավորումների տարբերակը։ Որ նրանց ձեռքի գործն է, որ նրանք բախվել են Կապանի ոստիկանության աշխատակիցների հետ, թողել հոտը եւ քաշվել սարերը։
 Մենք պատրաստակամություն հայտնեցինք հաջորդ օրվա ընթացքում կազմակերպել ոչխարների տեղափոխումն ու հանձնումը։ Պայմանավորվեցինք՝ առավոտյան մեզ են հանձնում երեխաներին, կանանց ու ծերերին, իսկ մյուսների վերաբերյալ բանակցությունները շարունակում ենք ոչխարները հանձնելուց հետո։

Սեպտեմբերի 13-ի ցերեկվա առաջին կեսին բերեցին երեխաներին կանանց ու ծերերին։ Նրանք ակնհայտ շոյված էին ադրբեջանցիների ցուցաբերած մարդկային վերաբերմունքից եւ հիասթափված՝ մեզանից։ Հավատացել էին, որ մենք իրենցով ընդանրապես չենք հետաքրքրվել, անգամ հրաժարվել ենք իրենց հարցով բանակցել։
Իմացանք նաեւ, որ պատանդներին պահում են գնացքի մեջ, որ գնացքը տնօրինում են ազգային ճակատի (ԱՃ) ներկայացուցիչները։

Կապանից բերեցին ոչխարները՝ մի 200 գլուխ պակաս։ Հետագա խոսակցությունները անպտուղ էին, բոլոր առաջարկները առանց հիմնավորման մերժվում էին, վճռականության պակաս կար։ Բանակցողներիս շուրջ պտտվում էին ինչ որ մարդիկ, մոտենում ականջ էին դնում մեր խոսակցությանը, հեռանում, հավաքվում իրար գլխի, նորից մոտենում։ Ես ու Ենոքը իրարից անկախ նկատել էինք այս իրողությունը։ Քնարկեցինք ու քայլ կատարեցինք։ Մոտեցա ականջ դնողներից մեկին՝ Իլգար էր անունը, ու խոսելու փորձ կատարեցի։ Ես խոսում էի ռուսերեն , նա՝ ազգային լեզվով։ Կցկտուր էի հասկանում։ Իմացա որ ԱՃ-ից են եւ առաջարկեցի բանակցել նրանց հետ։ Նա ներեղություն խնդրեց եւ հեռացավ։ Նրան անմիջապես շրջապատեցին ընկերները։ Մի տաս րոպեից նրանք մոտեցան եւ ներկայացան որպես ԱՃ ղեկավարներ. Օրդուբադի գործկոմի նախագահ Ռովշանը, մեջլիսի պատգամավորներ՝ Ֆարաջն ու Իլգարը։

Նրանք ասացին, որ գնացք կանգնացնողը իրենք են եւ իրենք են պատասխանատվություն կրում պատանանդների անվտանգության համար։ Մենք առաջարկեցինք մեզ ուղեկցել կայարան եւ հնարավորություն ընձեռել հանդիպել պատանդների հետ։ Նրանք տարակուսեցին, մի քիչ հապաղեցին ու համաձայնեցին հանդիպում կազմակերպել պատանդների ներկայցուցիչների հետ՝ յուրաքանչյուր վագոնից մեկ հոգու, Օրդուբադ քաղաքում՝ ինչ որ մեկի տանը։
Այդ պահին բանակցություններին լռակյաց ներկա օրդուբադի ԿԳԲ-ի պետը ազգային լեզվով հոխորտաց, նստեց մեքենա ու շարժվեց մեզանից առաջ։

Ես ու Ենոք Անդրեասյանը ԱՃ տղաների հետ, իրենց մեքենայով մեկնեցինք Օրդուբադ։ Օրդուբադում իրարանցում էր։ Նեղլիկ երկրորդական փողոցներից կենտրոնական փողոց էին լցվում զինված ու ահաբեկված մարդիկ։ Իլգարը իջավ մեքենայից, խոսեց առաջին պատահած մի քանիսի հետ, զայրացած ինչ որ բաներ ասաց նրանց ու վերադարձավ։ Նա ասաց, որ մեզանից առաջ եկած ԿԳԲ-ի պետը տարածել է, թե զինված հայերը գրոհում են Օրդուբադը (Եթե չեմ սխալվում ԿԳԲ-ի պետի ազգանունը Ախունդով էր։ Հետագայում ինձ հետ մտերմացած Իլգարը պատմել է, որ նրան վտարել են Օրդուբադից,  այնտեղ վերացրել ԿԳԲ-ն եւ տարածքը տրամադրել ԱՃ ակտիվիստներից մեկին՝ իբրեւ բնակարան)։
 ԱՃ-ի ակտիվիստներից մեկի տանը հանդիպեցինք գնացքից բերված ներկայացուցիչների հետ։ Սկզբից նեղսրտած էին, կարծես հավատացել էին, որ իրենցով զբաղվող չկա։ Բայց անմիջապես ոգեւորվեցին ու միմյանց խանգարելով ասում էին. «Ես ասում էի չէ՞, որ չի կարող պատահել, որ մեր ղեկավարները մեզանով չզբաղվեն»։ Գլխավոր ներկայացուցիչը Կարճեւանցի հաղթանդամ ու բարի Բոկան էր։ Գնացքում դեռ պահվում էին 92 տղամադ։

Սեպտեմբերի 14-ի հանդիպմանը մեր կողմից մասնակցեցին նաեւ Վազգեն Սարգսյանը, ԳԽ պատգամավորներ Դավիթ Վարդանյանն ու Ազատ Արշակյանը, փոխվարչապետի Գեւորգ Վարդանյանը։ Հանդիպումը անարդյունք էր։ Ադրբեջանական կողմը միանշանակ պնդեց, որ մինչեւ չվերադարձվեն հովիվները՝ պատանդները մնալու են։

Կոմբինատի գործադուլի կազմակերպիչները հաշվենկատորեն օգտագործեցին Վազգեն Սարգսյանի ներկայությունը, անգամ այս պայմաններում սադրելով նոր դժգոհություն։  Օդանավակայանից սահման բանակցությունների մեկնելիս, Ագարակ քաղաքի եզրին, երկու տասնյակ մարդ փակեցին ճանապարհը ու պահանջում էին Վազգեն Սարգսյանի անհապաղ հանդիպումը կոմբինատի կոլեկտիվի հետ, որին պիտի ներկայացնեին իրենց պահանջները։ Բացատրեցինք, որ կարեւոր հանդիպումից ուշանալը անթույլատրելի է ու պայմանավորվեցինք հանդիպել Ագարակի մշակույթի տանը՝ 92 պատանդի հարցով բանակցելուց հետո։ Այսքանից հետո անգամ՝ միջպետական ճանապարհի Ագարակի խաչմերուկից դուրս գալիս, ճանապարհը փակելու եւս մեկ ձախողված փորձ կատարվեց։Սահմանային հանդիպումից հետո գնացինք մշակույթի տան բազմամարդ դահլիճ։ Ասեղ գցելու տեղ չկար։  Պահանջը մեկն էր. Ղեւոնդին հեռացնել ասպարեզից։

Խոսեցինք հավաքվածների հետ, անգամ Վազգենը խոսեց իրավական պետություն կառուցելու անհրաժեշտության մասին եւ այս կոնտեկստում խոստացավ Ղեւոնդին օրենքով պատժել։ Օդանավակայանի ճանապարհին իմ մեքենայի առջեւից գնացող մեքենան կտրուկ արգելակեց։ Իջավ գազազած Վազգենը ու նստեց իմ մեքենան։ Հարցրեցի, ասաց. «Ես ամեն մի սրիկաի հետ ճամփա չեմ գնա»։
Ղեւոնդի հասցրած ապտակի մանրամասներին չտիրապետող Ազատ Արշակյանը մեղադրել էր Վազգենին։ Ժամանակից առաջ ընկած ասել էր, որ Ղեւոնդի վաշտին, դեռ գոյություն չունեցող պաշտպանության նախարարությունից մարտկոց տրամադրելու դեպքում՝ այդ միջադեպը տեղի չէր ունենա։ Վազգենը դեռ ԳԽ-ի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր։ 

Մեկ շաբաթ ամեն օր ապարդյուն բանակցություններ էին։ Ադրբեջանական կողմը կանխազգալով, որ հովիվները սպանված են ուղակի պահանջում էին դիակները։ Մենք զգույշանում էինք իրականությունը խոստովանելու հեռանկարից։ Վերջապես մեզ հանձնեցին եւս 78 հոգու, հավանաբար հաշվարկելով, որ անիմաստ միջոցներ են վատնում։ Մնացած 14 երիտասարդներից 10-ին տեղափոխեցին ոստիկանության մեկուսարան, իսկ չորսին ազգային ճակատը տարավ անհայտ ուղությամբ։ Վերջին 14-ի համար դրված էր կատեգորիկ պայման. մինչեւ չվերադարձնենք հովիվներին ողջ թե մեռած, որեւէ հանդիպում տեղի չէր ունենա, եւ նաեւ՝ ուշացրած յութաքանչյուր օր, նվազեցնում է պատանդների ողջ մնալու հավանականությունը։ Հատկապես՝ չորսինը։

Երկար քնարկելուց հետո որոշեցինք խոստովանել, որ հովիվները սպանված են ու թաղված իրենց իսկ տարածքում։ Առավելագույնը, որ մեզ առաջարկեցին բանակցությունների արդյունքում հետեւյալն էր. մենք ասում ենք դիակների տեղը, նրանք կազմակերպում են սպանված հովիվների թաղումը, որից մեկ շաբաթ անց՝ երբ կհանդարտվեին կրքերը, նրանք վերադարձնում էին բոլոր տասչորսին։  Գիտակցում էինք, որ որեւէ երաշխիք չկար, ընդամենը ազնիվ խոստում է, բայց այլընտրանք չկար, ու հարկադրված էինք համաձայնել։ 
Հովիվների թաղման թափորը վերածվեց ամբոխի՝ արյան դեմ արյուն կարգախոսով։ Ադրբեջանական կողմը խոստովանեց, որ տվյալ իրավիճակում, հասարակական կարծիքի նման պայմաններում, 14-ի վերադարձը իրենց համար համարժեք է ինքնասպանության։ Բայց խոստացան ամեն ինչ անել նրանց անվտանգությունը ապահովելու համար։

Անհրաժեշտ էր փոխել հասարակական կարծիքը...

Փորձ առաջին

Միտքը առաջարկեցին Կապանի ղեկավարները. Վճարել արյան գինը։ Հանդիպեցի Օրդուբադի ոստիկանապետ Ֆաիկի հետ, որը պատասխանատվություն էր ստանձնել ոստիկանությունում պահվող 10 պատանդների անվտանգության համար(Ֆաիկը չափազանց բարի ու զգայուն մարդ էր։ Նրա մայրը հայուհի էր։ Այդ մասին ասել էր կայարանապետ Ժորայի հարսը՝ Ժենյան։ Ժենյան ծագումով Նախիջեւանից էր Ֆաիկի հետ նույն դպրոցում էին սովորել)։

Բարեւեցի ու առանց ծավալվելու փոխանցեցի Ժենյաի բարեւը։ Հետո խնդրեցի համոզել սպանված հովիվների հարազատներին գնահատելու արյան գինը։ Ֆաիկը խոստացավ փորձել։ 
Մի քանի օր անց նա զանգահարեց ու ասաց, որ անհրաժեշտ է հանդիպել, բայց առանց փողկապավորների։ Ասացի, որ ինձ հետ կլինի մենակ Ղեւոնդը։ Կապանի Ղեկավարները շատ հաճախ եւ անակնկալ գալիս էին Մեղրի, պատանդների մասին տեղեկություն ստանալու (պատանդների մի մասը Կապանից էին)։ Հաշվի առնելով այդ իրողությունը, նախ հանդիպեցի գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանի հետ, տեղեկացրեցի նրան սպասվելիք հանդիպման մասին եւ խնդրեցի, որ հերթական անակնկալի դեպքում զսպի կապանցիների սահման գալու համառությունը։
Հանդիպումը խոստումնալից էր։ Ֆաիկը հանդես եկավ նախաբանով առ այն, որ ինքը չի ուզում կեղտոտվել, որ արյան գնի փոխատուցման գումարներին ինքը մատով ադգամ չի դիպչի։ Եւ հենց այն պահին, երբ պիտի ասեր մեզ շատ հետաքրքրող գումարի չափը, որց մենք առհասարակ զուրկ էինք, մեր կողքին կանգնեցին  «Վոլգա» մակնիշի մեքենաներ եւ իջան փողկապավորները։
 Ֆաիկը լռեց։ Մոտեցան։ Ենոքի ուղեկցությամբ եկածներից մեկը լրջագույն տոնով ասաց. «Ես ԳԽ պադգամավորս զգույշացնում եմ, որ ձեր արածը ապօրինություն է, եւ դուք դրա համար պատասխան եք տալու»։ Ես միջամտեցի։ Կարճ ու անախորժ խոսակցություն տեղի ունեցավ։ Նրանք հեռացան։ 
Ֆաիկը ասց, որ չնայած այն փաստին, որ այդ տարբերակը շրջանառության մեջ էր դրված, սակայն նման վերաբերմունքի պայմաններում ինքը հրաժարվում է։ 
Փորձը ձախողվեց։ Վերադարձանք։ Ենոքը պատմեց, որ ինքը ոչ մի կերպ չի կարողացել բացատրել հյուրերին, որ համառել են, եւ որ ինքը նրանց հետ եկել է գոնէ ճանապարհին համոզելու նպատակով։ Ասաց նաեւ, որ ինձանից շատ վիրավորված էին՝ «թուրքի» ներկայությամբ իրենց կշտամբելու համար։ 
Եզածը եղած էր։ Օրդուբադում հասրակակն կարծիքի փոփոխության միակ անվտանգ  տարբերակը ձախողված էր։
Ստիպված էինք ընրել հարցի լուծման վտանգավոր տարբերակը՝ պատանդ բերելը...

 Փորձ երկրորդ

Երկաթուղու Մեղրու հատվածի անվտանգությունը ապահովում էր Երեւանի մայրաքաղաքային գնդի մի գումարտակ։ Գումարտակի սպասարկումը իրականցվում էր ավտոմոբիլային տրանսպորտով՝ Նախիջեւանի տարածքով։
Ծրագիրը հետեւյալն էր. Եթե գնդի հրամանատարՍիդորովը տրամադրեր ներքնակներով բարձաց բեռնատար մեքենա, ապա նրանց մեջ թաքնված, կենտրոնի տրամադրած, հատուկ պատրաստություն անցած աշխատակիցները Երասխով կթափանցեին  Նախիջեւան եւ  ճանապարհին առեւանգած ադրբեջանցիների հետ դուրս կգային Մեղրի։  Իմ խնդիրը Սիդորովին համոզելն էր։ Այդ նպատակով Երեւան մեկնելուց առաջ Ղեւոնդի հետ քնարկեցինք այն տարբերակը, թե ինչ պիտի անենք, եթե մեքենայի հարցի լուծված լինելու դեպքում վերադասը չկատարի իր իսկ տված խոստումը։ Որոշեցինք այդ դեպքում նրանց փոխարինել վաշտի ու ոստիկանության աշխատակիցներով։ 
Երեւան մեկնեցի պահածոների գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանի հետ, որը Սիդորովի հետ ընկերական հարաբերությունների մեջ էր։ Նրան հրավիրեցինք Զանգվի ձորում գործող եզակի սննդի օբեկտներից մեկում ճաշելու։ Գրիշան չէր խմում, ես աննկատ գլուխ էի պահում։ Առաջին շիշը սպառվելուն պես, հարցրեցի, թե արդյոք նա կկատարի իմ խնդրանքը։ Նա պատասխանեց, որ անգամ կյանքը կտա։ Երկրորդ շշի ավարտին ձեւակերպեցի խնդրանքս։ Նա անմիջապես խոստացավ կատարել։ Ճաշի ավարտին առաջարկեցի, որ, նախ, ինձ ծանոթացնի տրամադրվելիք մեքենայի ավագի հետ,  եւ իմ ներկայությամբ նրան հանձնարարի հաջորդ օրվա անելիքը։ Գնացինք զորամաս։ Եկավ բարետես մի կապիտան։ Ծանոթացրեց եւ ասաց, որ իր ամենավստահելի աշխատակիցն է։ Հանձնարարությունը ձեւակերպեց մարդասիրության տեսանկյունից՝ հանուն 14 հայ երիտասարդի փրկության։ Կապիտանը խոստացավ բարեխղճորեն կատարել հանձնարարությունը. հաջորդ օրը ժամը 16-ին, ներքնակներով բարձած մեքենայով լինել Երասխում՝ իմ տրամադրության տակ։ Վարորդին ոչինչ չէր ասվեում։ Բազմոցին նստած գնդապետը մի բաժակ էլ խմեց վաղվա գործի հաջողության կենացը ու քնեց։ Ներքին մի զգացողություն ունեի, որ սթափվելուց հետո չեղարկելու է իմ ներկայությամբ տրված հանձնարարությունը։ Կապիտանին առաջարկեցի զորամասի տարածքում զբոսնելով ինձ ուղեկցել մինչեւ անցակետ։ Քայլեցինք։ Ես էլ իմ հերթին բացատրեցի ստացած հանձնարարության կարեւորությունը եւ հատկապես բացատրեցի, որ իր անելիքը սխրանք է, եւ որ եզակի մարդկանց է վիճակված սխրանք գործել։ Նա այս մտքից շատ ոգեւորված էր։ Հետո ասացի, որ այդ սխրանքի համար ինքը Մեղրիում կպարգեւատրվի  աշխատավարձի կրկնապատիկի չափով։ Նա այնքան ոգեվորված էր իր առաքելությունից, որ խոստացավ հանձնարարության չեղարկման դեպքում անգամ օժանդակել մեզ։ Պայմանավորվեցինք հանդիպել ժամը 11-ին՝ զորամասի դարպասներից դուրս։ Անցակետի մոտ հրաժեշտ տվեցինք միմյանց։ Նա գնաց կազմակերպելու հրամանատարի հանձնարարած մեքենան ներքնակներ բարձելու գործը, իսկ ես գնացի ՆԳ նախարարություն, զեկուցելու գործի խոստումնալից ընթացքի մասին։
Խոստացան, որ զորամասից մեքենայի դուրս գալու դեպքու, գործողություն իրականացնող խումբը՝ ժամը 1700-ին, կլինի Երասխում ։ 
Գիշերը Ղեւոնդի հետ պայմանավորվեցի, որ առավոտյան ժամը 11-ից, կազմը պատրաստ ՆԳ Մեղրու բաժնում սպասում են իմ զանգին ։  
Ժամը 11-ին՝ Գրիշաի հետ, կանգնած էինք զորամասի դարպասների դիմաց ։ Ճիշտ նույն ժամին Ուրալ մակնիշի մեքենան մոտեցավ դարպասներին, որոնք կիսատ բացվեցին ու անմիջապես փակվեցին։ Մեքենան ետ գնաց։ Հետո եկավ կապիտանը եւ ասաց,  որ Սիդորովը արգելել է տվյալ համարներով մեքենաի ելքը զորամասի տարածքից։ Ես դառնացա՝ ասելով, որ սթափ Սիդորովի հետ անիմաստ է խոսել։ Կապիտանը անակնկալ մատուցեց՝ ասելով, որ ինքը ինչ որ բան է մտածել ու ներս գնաց։ Քիչ անց դուրս եկավ նույն մեքենայով, բայց փոխված համարներով։ Ես խնդրեցի նրան դանդաղ ուղեւորվել դեպի Երասխ ու սպասել, եւ շտապեցի ՆԳՆ։ 
Մերժեցին։ Հիմնավորեցին, որ հատուկ նշանակության ջոկատը հրաժարվում է, քանի որ չեն կարող վստահել մի ծրագրի,որը իրենք չեն նախապատրաստել։ Եթե  նախապես հաշվարկած չլինեինք այս ընթացքը, գուցե եւ հիասթափությունս ավելի մեծ լիներ։ Տեղում զանգեցի Ղեւոնդին եւ հրահանգեցի ամբողջ կազմով, անհապաղ ու հնարավորինս արագ հասնել Երասխ։ Տղաներին դիմավորեցինք կապիտանի հետ։ 

Պատասխանատվության բեռը ծանրանում էր հոգուս վրա։ Մտածեցի՝ ավելի ճիշտ է անձամբ գնալ։ Ղեւոնդը առարկեց, պնդեց որ ինքը կգնա։ Հերթով բարձրացան մեքենա եւ անհետացան թափքի ներքնակների ծալքերում։ Ղեւոնդ Հովհաննիսյանը, Սուրիկ Հայրապետյանը եւ Բուլդոկ Վարդանը՝ վաշտից, իսկ Հրաչ Մարգարյանն ու Նավասարդ Օհանջանյանը՝ ոստիկանության Մեղրու բաժնից։ Մեքենան շարժվեց։ Ես տղաների եկած Վիլիսի ղեկին, լիցքավորված ինքնաձիգը ծնկներիս ուղեկցեցի նրանց մինչեւ հայկական անցումային կետ։ Կանգնել էի հարմար դիրքով, մեքենայի դուռը բաց, մի ոտքս մեքենայի ներսում մեկը դրսում, մատս ավտոմատի ձգանին, ավտոմատը մեքենայի մեջ պահած։ Մեքենան առանց զննության անցավ միմյանցից 50 մետր հեռավորությամբ տեղակայված անտեղյակ հայկական ու միջանկյալ ռուսական անցակետերով ու կանգ առավ ադրբեջանականի փակ ուղեփակոցի առաջ։ Ադրբեջանցի սահմանապահներից մեկը մոտեցավ կապիտանին, իսկ մյուսը թափքին։ Վերջինս ոտքը դրեց թափք բարձրանալու համար նախատեսված շղթային, կանգնեց նրա վրա եւ գլուխը խոթեց թափքից ներս։ Շունչս պահած, կրակելու պատրաստ սպասում եմ։ Թվաց թե կասկածում է, թվաց թե շատ երկար զննեց, բայց չէ՝ իջավ ու բացեց ուղեփակոցը։   
Մեքենայի ղեկին ամբողջ թափով շտապում եմ Մեղրի։ Ամբողջ ընթացքում մի բան եմ փափագում՝ տղաները փորձության չենթարկվեն եւ ափսոսում էի, որ ինքս չգնացի. այդպես պատասխանատվությունը փոքր կլիներ...
Մեղրիի լեռնանցքից ռադիոկապով միացա բաժնի հերթապահին։
- Ի՞նչ կա, - հարցնում եմ։
- Վատ է – պատասխանում է։
Սիրտս կտոր - կտոր է լինում, հազար ու մի բան եմ մտածում մի ակնթարթում։
- Ի՞նչ է եղել,- հարցնում եմ։
- Տղաները անցել են սահմանը, դեռ բաժին չեն հասել, բայց պատանդ չեն բերել,- պատասխանում է։ 
Սիրտս տեղն ընկավ։ Անչափ ուրախ էի որ տղաները ողջ ու առողջ վերադարձել էին, ոչինչ, որ ձեռնունայն... 
Իմ աշխատասենյակում թեթեւ նշեցինք տղաների վերադարձը։  Նախիջեւանը կտրած անցածները բարդույթավորված էին, որ առաջադրանքը կատարել չէր հաջողվել, իսկ կապիտանը մթագնել էր։  Ինչ որ պահի վերջինիս հրավիրեցի հանգստյան սենյակ եւ առաջարկեցի վերցնել խոստացածս պարգեւավճարը։ Հրաժարվեց։ Ասաց , նախ, հանձնարարությունը չենք կատարել, եւ երկրորդ, եթե ես վերցնեմ գումարը, կդառնամ վարձու հանձնարարություն կատարող, մինչդեռ ես ուզում եմ համարվել ձեզանից մեկը։    

Փորձ երրորդ

Տղաները մոլորված էին, մեղքի զգացում ունեին՝ նման հնարավորությունը ռացիոնալ չօգտագործելու համար։ Պնդում էին, որ անհրաժեշտ է կրկնել եւ որ հենց իրենք պիտի լինեն պատանդ բերողը։ Սիդորովի տարբերակը բացառված էր։ Սակայն նա ուներ Մեղրիում տեղակայված գումարտակ, որի հրամանատարը ծնունդով Ղարաբաղցի հայ տղա էր։ Վագիֆ էր անունը։ Մայոր Վագիֆը չափազանց զգույշավոր մարդ էր եւ խուսափում էր տեղացիների հետ շփումներից։ Հանդիպեցի նրան եւ առաջարկեցի օգնել։ Սարսափահար մերժեց։ Ստիպված էի բացատրել, որ իր ծառայակից որոշ ռուսներ իրենից ավելի հայ են։ Համաձայնեց։ Ինքն անձամբ կլիներ մեքենաի ավագը։

Պահածոների գործարանում նրա տրամադրած մեքենանի թափքում պատրաստեցինք զրահապատ խուց, որի մեջ պետք է տեղավորվեին տղաները։ Խուցը ծածկվում էր դեղձով լի արկղերով, եւ սահմանը հատելիս տպավորություն կթողներ, թե Մեղրիից միրգ են տանում Երեւան՝ զորամասի կարիքների համար։ Մեկնելուց անմիջապես առաջ Բուլդոկ Վարդանը հրաժարվեց, պատճառաբանելով, որ Ղեւոնդը իրեն թույլ չի տվել Նյուվադիից խաղող բերել։ Նրան փոխարինեց Վալերիկ Համբարձումյանը (Շարոն)։ Պետք էր շարժվել այն հաշվով, որ Օրդուբադի տարածքում գործունեություն ծավալեին մթության քողի տակ։ Տեղվորվեցին ու մեքենան շարժվեց։ Նրանց զուգահեռ շարժվեց ադրբեջանցիների անցակետով անցնելու ու վերադառնալու ժամանակ տղաների անվտանգությունը ապահովող խումբը, որը պետք է դիրքավորվեր անցակետի մատույցներում եւ բացահայտվելու դեպքում չեզոքացներ վտանգը։ Այդպես արվել էր նաեւ նախորդ անգամ։ Վագիֆը Ղեւոնդը ու ես կապի մեջ էինք։ Նախ հայտնեցին, որ խցի մի հանգույց թերի է եռակցված եւ վտանգավոր է։ Կանգնեցինք, մեքենան բեռնաթափեցինք ճամփեզրից գտած երկաթե լարերով կապկպեցինք, միրգը բարձեցինք ու նորից շարժվեցին։ Տաս րոպե անց նորից տագնապ էր, հիմա էլ արկղերից դեղձի հյութ էր կաթում տղաների վրա։ Նորից կանգնեցինք ու բեռնաթափեցինք, արկղերի տակ ծածկոցներ փռեցինք, նորից բարձեցինք։ Մեքենան հասավ սահմանային անցակետ ու անմիջապս վերադարձավ։ Ճանապարհը փակել էին ծանր բետոնե խորհանարդներով, բաց չթողեցին։ Նոր որոշում էին կայացրել. անցակետում մշտապես կանգնեցրել էին վերանբարձ կռունկ, որի միջոցով առավոտները բացում էին ճանապարհը, իսկ երեկոյան ժամը 10-ին  փակում։ 
Այս տարբերակը այլեւս վտանգավոր էր կիրառելը՝ շատերն էին տեղյակ։

Փորձ չորրորդ

Օրդուբադում՝ ԱՃ փաստացի իշխանությամբ պայմանավորված, ընդգծված հակառուսական տրամադրություններ էին։ Մեղրիի սահմանապահ զորամասի հինգ ուղեկալներ գտնվում էին Նախիջեւանի տարածքում։ Այդ ուղեկալները Մեղրիի զորամասին ենթարկվում էին Օրդուբադում տեղակայված պարետության միջոցով։ Պարետը Կոստին ազգանունով մայոր էր։ Օրդուբադցիք պարետատան աշխատողներին վռնդել էին, բայց բնակավայրերից հեռու ուղեկալները դեռ պահպանվում էին։ Կոստինը շարունակում էր իպաշտոնե մնալ պարետ, բայց այլեւս  Մեղրիի զորամասում ապրելով գնում- գալիս էր ուղեկալներ։ Կոստինի կինը՝ Նելին, համարձակ մի գեղեցկուհի էր, որը պարբերաբար քնադատում էր զորամասի ղեկավարությանը ամուսնուն միայնակ ու անպաշտպան թողնելու համար։ Միաժամանակ ատելությամբ էր լցված ադրբեջանցիների նկատմամբ։

Հրավիրեցի Նելիին, բացատրեցի իրավիճակը, եւ խնդրեցի օգնել խոստանալով շռայլ պարգեւատրություն։ Անմիջապես համաձայնեց՝ չկարեւորելով գումարը։ Միասին մտածեցինք սցենարը. դեռեւս պարետ ամուսնու հետ մեկնում են Օրդուբադ եւ նստում որեւէ խորովածանոցում։ Հարբած ձեւացող ամուսնու ներկայությամբ մոտ է թողնում իր գեղեցկությամբ տարված տղամարդու, եւ պատճառաբանելով ամուսնու ներկայությունը, առաջարկում հետագա հանդիպման հետեւյալ տարբերակը։ Իբրեւ ամուսինը՝ հաջորդ օրը, գործի բերումով, առավոտից երեկո լինելու է Մեղրիի սահմանակից ուղեկալում, որի հրամանատարի գեղեցկուհի կինը իր ընկերուհին է։ Այնպես որ հնարավոր է հանդիպել հաջորդ օրը, ուղեկալի մոտակա աղբյուրի մոտ, ծառերի մեջ, խորովածի շուրջ։ Ինքը կհրավիրի ընկերուհուն, իսկ նա ընկերոջը։
Առաջարկեցի հրավիրել ամուսնուն եւ խնդրել նրա աջակցությունը։ Ասաց. «Համարեք, որ նա արդեն տվել է իր համաձայնությունը»։ Օրդուբադում ծախսելու համար Նելիին տվեցի անհրաժեշտ գումար ու ճանապարհեցի։

Հաջողության դեպքում՝ մենք, տեղանքին քաջածանոթ հորս ուղեկցությամբ, Ծիրանի ձորից, լեռնային արահետով անցնում ու դարանակալում էինք աղբյուրի շրջակայքում։ 
Հաջորդ օրը երեկոյան Նելին ամուսնու հետ եկավ ու տեղեկացրեց, որ պայմանավորվել են հաջորդ օրը ժամը 2-ին համնդիպել  աղբյուրի մոտ։ Ասաց նաեւ, որ իրենց ուշ վերադառնալու պատճառով երկու զավակները մանկապարտեզից հետո անտեր են մնացել։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան երեխաներին ինձ հանձնելուց հետո են մեկնում։ 

Առավոտյան բերեց որդիներին։ Անմիջապես ուղարկեցի մեր տուն։ Նրանց ճանապարհելուց հետո նախապատրաստվեցինք եւ արդեն ուզում էինք մեկնել Ծիրանի ձոր, ներս մտավ Նելին։ Ասաց, որ ադրբեջանցիք  սահմանային անցակետում բետոնե ծանր խորանարդները առավոտից չեն հանել, ճանապարհը չեն բացում։ Նելին չէր ստում մի քանի օր այն փակ մնաց։ Ռուսների հետ ծանր բանակցություններից հետո, նորից ցերեկները սկսեցին բացել ճանապարհը։ Նելիի ավագ որդին մեր տանն իրեն շան ազատ էր զգացել, որը դուր չէր եկել երկամյա որդուս։ Տեւական ժամանակ բողոքում էր. «Էն Դենիսը եկավ մեր հոնը կերավ»։ Մայոր Կոստինին ռուսները ազատեցին աշխատանքից։ Նրան ընդունեցինք Ղեւոնդի վաշտ ծառայության։ Նրա փորձը բավականին օգտակար եղավ մերոնց համար։ Նա բարեխղճորեն ծառայեց մինչեւ զինադադար, մասնակցելով Հորադիզի մարտերին։

Հաջողված փորձ 

Շուրջ երկու շաբաթ պատանդ բերելու որոնումնների մեջ էինք, սակայն արդյունք չկար։ Ադրբեջանցիները շարունակում էին պնդել, որ հասարակական կարծիքը բարենպաստ չէ, որ «արյան դեմ արյուն» կարգախոսը մասսայական բնույթ է կրում, եւ որ այդ պայմաններում, 14 հայ պատանդներին վերադարձնելու մասին շշուկ լինելու դեպքում անգամ, իրենք իզորու չեն լինի ապահովել նրանց անվտանգությունը։ Միակ լուծումը մնում էր պատանդ վերցնելով՝ Օրդուբադում հասարակական տրամադրությունների դրական փոփոխությանը նպաստելը։  

Գտանք մի նոր տարբերակ։ Սահմանագծին, Գոզթանասարի կատարին, շուրջ 3200 մետր բարձրության վրա տեղակայված էր ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության կարեւորագույն ռադիոլոկացիոն հենակետերից մեկը։ Այստեղից վերահսկվում էր օդային օբեկտների շարժը միջին արեւելքում ։ Վարչական ենթակայության առումով՝ հենակետը, Հայաստանի տարածքում էր։ Սակայն, նրան սպասարկող բարդ լեռնային ճանապարհը կառուցված էր Նախիջեւանի կողմից, հետեւաբար մատչելի էր նրանց համար։ Ճանապարհը տարվա մեջ գործում էր վեց ամիս։ Այդ ընթացքում ամենագնաց մեքենաներով սննդի ու վառելիքի ձմեռային պաշար էին կուտակում։ Առաջին ձյունի հետ ճանապարհը անանցանելի էր դառնում։ Հենակետի շինությունները, կացարաններն ու պահեստները ստորգետնյա էին։ Վերգետնյա էին պտտվոող ու ճոճվող հսկա ռադիոլոկատորները, որոնցից ամենավերջինն ու խոշորը տեղակայված էր սպիտակ ու երկնաքեր գմբեթի տակ։ Ընդհանուր ցանցից սնվող էլեկտրական սնուցում գոյություն չուներ։ Էլեկտրականությունը ստանում էին տեղում՝ ստորգետնյա շինություններում տեղադրված տասնյակ գեներատորների միջոցով։ Նման մի հենակետ էլ գործում էր Նախիջեւանի ու Եղեգնաձորի սահմանային բարձունքներից մեկի վրա, իսկ հենակետերի կառավարումը իրականացվում էր Նախիջեւանի Կիվրաղ բնակավայրում տեղակայված ՀՕՊ զորամասից։ Հենակետում մշտապես մնացող զիվորական սպասարկող կազմը փոքրաթիվ էր։ Նրանց հետ հարաբերություն հաստատած մի քանի որսորդներ՝ քարայծներ որսալու նպատակով,  աշնանը բարձանում էին այնտեղ ու անհրաժեշտությունից ելնելով գիշերում նրանց մոտ։ Հետները տանում էին միրգ ու օղի, որի համար՝ աշխարհից տարվա կեսը մեկուսացած այդ մարդիկ, շատ շնորհակալ էին լինում։ Այդ որսորդներից էին Սարգիս Քառյանն ու Մայիս Բոլյանը։ Նրանց առաջարկեցինք օժանդակել իրագործելու հետաքրքիր մի ծրագիր. Սովորականի նման բարձրանում են Գողթանասար, օղի ու միրգ են նվիրում, հայտնաբերում են ամենաաչքաբաց զինվորին, ֆինանսավորում են եւ առավոտյան ճանապարհում  Օրդուբադ։ Վերջինս փոստից զանգում է տուն ու խոսում հարազատների հետ, գնում է խորովածանոց ու սնվում, շփվում է մարդկանց հետ եւ առաջարկում՝ վճարի դիմաց, իրեն մեքենայով Գողթանասար բարձրացնել։  Խոստանում է նաեւ՝ տեղ հասնելուն պես, որպես լրավճար տալ կարտոֆիլ, ալյուր, շաքար, կարագ, պահածո՝ ինչ կցանկանան, միայն թե իրեն հենակետ բարձրացնեին։ Առաջարկում է նաեւ՝ գողթանասարից միայնակ չվերադառնալու համար, ընկերներ վերցնել։
Որսորդները զինվորին Օրդուբադ ճանապարհելուն  պես՝ ռադիոկապով տեղյակա էին պահում մեզ, մենք էլ բարձրանում էինք ու մի հարմար տեղ դարանակալում... 
Հոկտեմբերի 10-ի  լուսաբացին նրանք գնացին։ Հաջորդ առավոտ տեղեկացրեցին, որ ամեն ինչ կարգին է։ Տղաների մի խումբ ուղարկեցինք անմիջապես։ Ես, Ղեւոնդը ու Սուրիկ Հայրապետյանը մեկնեցինք ավելի ուշ։ Վիլիսով, Վարհավարի սարով գնացինք մինչեւ ճանապաչհի վերջին կետը՝ «Չխուռ յաթաաղ»։ Մինչեւ լեռնանցք սահմանագիծ, որի հակառակ կողմով անցնում էր հենակետը սպասարկող ավտոճանապարհը, պետք է քայլեինք։ Տղաներին պայմանավորված ժամին հանդիպելու համար անհրաժեշտ էր տեմպով քայլել։ Նախ պետք է գտնեինք այն արահետը, որով հավատացյալ ադրբեջանցիները ոտաբոբիկ ուխտի էին գալիս «Փիր»։ Սկիզբը՝ մինչեւ արահետին հասնելը, կտրուկ վերելք էր։ Ղեւնդը դանդաղում էր. մի կողմից թթվածնի քաղցը, մյուս կողմից ծնկների ցավը խանգարում էին արագ քայլել։ Նրա արագությամբ գնալու դեպքում կարող էինք ուշանալ ու ձախողել ծրագիրը։ Հազիվ համոզեցինք վերադանալ ու սպասել մեքենայի մոտ, իսկ մենք շարունակեցինք ճանապարհը արագ քայլքով։ Միացանք տղաներին ու միասին դարանակալեցինք բլրակի վրա, որի ստորոտով անցնում էր ճանապարհը։ 

Մեքենայի ձայն լսվեց։ ժայռերի արանքով, մեծ թեքությամբ ցած գալարվող նեղլիկ ճանապարհի երեւացող վերջնամասում բանակային «Ուրալ» նշմարվեց։ Լույս օրն ավարտվում էր։ Օրվա հանգչող արեւի գծած լույսի ու ստվերի բաժանարար գիծը մեքենայի հետ բարձրանում էր լանջն իվեր։ Նրանք միաժամանակ անցան մեր կողքով։ Թափքում մարդ կար։ Մայիսն ու Սարգիսը ճանաչեցին՝ աչքաբաց զինվորն էր։ Երբ հաջորդ ոլորանում մեքենան շրջվեց ետնամասով դեպի մեզ, տղաները ձեքի շարժումով զինվորին մեզ միանալու հրահանգ տվեցին ։  Զինվորը անմիջապես ընթացքից ցատկեց, գլորվելով հայտնվեց ստվերում։ Հետո կանգնեց ու փոշոտ շորերը թափ տալով վազեւազ միացավ մեզ։ Հարբած էր։ Ասաց, թե որեւէ մեկը, որեւէ պայմանով չհամաձայնեց իրեն մեքենայով բերել։ Լռություն տիրեց՝ էլի՞ ձախողել էինք։

Անմիջապես նոր միտք ծնվեց։
- Մեքենան վերադանալու՞ է, թե՞ մնալու է հենակետում, - հարցրեցինք զինվորին։
- Բարձած կարտոֆիլը անմիջապես դատարկելու ու վերադառնալու է, - պատասխանեց։
- Մնու՛մ ես մեզ հետ։

«Ուրալով» գնում ենք պատանդ բերելու՝ որոշված էր։ Հանկարծ նկատեցինք կարտոֆիլ բերող երկրորդ մեքենան։ Միաժամանակ սկսեց իջնել կարտոֆիլից դատարկված առաջինը։  Լույսին փոխարինած ստվերը դանդաղ խտանում էր։ Ցրտում էր։ Թեթեւ էինք հագնված. գետնին կպած, դողալու աստիճան մրսելով սպասում էինք, թե որտեղ կհանդիպեն մեքենաները։ Բարեբախտություն էր՝ հանդիպեցին մեզանից բարձր, կանգնեցին, մի քանի բառ փոխանակեցին ու շարժվեցին։ Մեկից կտրեցինք ճանապարհը ու անձնակազմին հրահանգեցինք իջնել։ Վարորդը պապանձվել էր։ Մեքենայի ավագը՝ էստոնացի ռուս կապիտանը, փորձեց հակադրվել։ Քառյան Սարգիսը նրա վրա պարզեց լիցքավորած ավտոմատը ու սկսեց գոռալ։ Միջամտեցի, հորդորելով զերծ մնալ ինքնագործունեությունից ու բռնությունից, ապա թեւանցուկ անելով կապիտանին՝ քաշեցի կողք, եւ բացատրեցի, որ իրեն եւ վարորդին որեւէ վտանգ չի սպառնում, ընդամենը հարկավոր է, որ նրանքե րկու երեք ժամով մեզ զիջեն մեքենան, եւ մինչեւ մեր վերադարձը՝ տղաների մի մասի հետ, մնան տեղում, եւ լինեն նրանց պատվավոր հյուրը։ Կապիտանը սկսեց խնդրել, ասելով որ նոր է վերադարձել նպատակային արձակուրդից, որի ընթացքում հազիվ է համոզել կնոջը եւ հետը բերել զորամաս։ 
- Դու, այսօր, կնոջդ խոստացած ժամին տանը չես լինի՝ դա ակնհայտ է, բայց տուն հասնելուն պես՝ նրան կտաս մեկ ամսվա աշխատավարձիդ չափով լրացուցիչ գումար, եւ կփարատես նեղացածությունը, - եզրափակեցի։
Բոլոր տղաներն էին ուզում «Ուրալով» գնալ։ Իսկ այնտեղ անորոշությունն էր. հաջողության դեպքում սխրանքը, ձախողվելու դեպքում՝ մահ կամ գերությունը։
Իմ որոշումով՝ Սուրիկ Հայրապետյանի գլխավորությամբ, մնացին իրենց հանձնարարությունը կատարած որսորդները, Ալիկ Ծատրյանը եւ Աբո Ղուկասյանը։ Նրանց խնդիրն էր հյուրասիրել ու հսկել կապիտանին ու վարորդին եւ կանխել երկրորդ մեքենայի վերադարձը՝ մեզ չխանգարելու նպատակով։
Իմ գլխավորությամբ մեկնում էին՝ Վալերիկ Համբարձումյանը(Շարո), Ատոմ Հովհաննիսյանը, Հովսեփ Մարտիրոսյանը, Դանիել Պապյանը եւ աչքաբաց զինվորը։

Մոտակա Գանձակ գյուղը մեկ ժամվա հեռավորության վրա էր։ Շարոն հրաշալի էր վարում մեքենան՝ կածանից քիչ տարբերվող այդ ճանապարհով։ ճանապարհը հազիվ էինք կիսել, մթնեց։ Մթության մեջ նկատեցինք մեր ետեւից եկող երկրորդ մեքենայի լույսերը։ Տղաները չէին կանխել նրա վերադարձը։ Շտապեցինք։ Հասանք գյուղ, շեղվեցինք հիմնական ճանապարհից ու մտանք գյուղի կենտրոն։ Իջանք մեքենայից։ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի մոտ էինք։ Հուշաղբյուր ու նստարան կար։ Լվացվեցինք, ջուր խմեցինք, նստեցինք ծխելու՝ մինչեւ կանցներ մեր ետեւից եկող մեքենան։ Գյուղում լռություն էր եւ անցուդարձ չէր նկատվում։ Մեքենաի անցնելուց հետո՝ աղմուկից զերծ մնալու նպատակով, դուրս եկանք գյուղից եւ փակեցինք շրջկենտրոն տանող ճանապարհը։ Մտածում էինք վերցնել առաջին պատահած մեքենայի ողջ կազմը։ Սպասեցինք կես ժամից ավել՝ մեքենա չեկավ։ 
Քնարկեցինք համարձակ մի տարբերակ.  Սպասում ենք միչեւ կեսգիշեր, որ բոլորը քնեն, գնում ենք Օրդուբադ, գտնում ոստիկանությունը, գերում հերթապահ ոստիկաններին ու ձերբակալվածներին, ազատում այնտեղ պահվող 10 հայ պատանդներին եւ վերադառնում Մեղրի՝ Արաքսի ափով, ըստ անհրաժեշտության գերի վերցնելով սահմանային անցակետի զինվորներին եւս։ Վալերիկ Համբարձումյանը հիմնավորեց, որ այդ նպատակի համար մեքենայում եղած վառելիքը չի բավարարի։ 
Վերադարձանք գյուղ եւ ընտրեցինք մի տուն, որը ճանապարհի մոտ էր, քիչ թե շատ շքեղ, համեմատաբար մեկուսի եւ դիմացին կանգնած գրեթե նոր «Վիլիս» մեքենան հուշում էր, որ տանտերը ունեւոր է։ Կանգնեցինք ճանապարհի վրա՝ տնից մոտ 50 մետր հեռավորությամբ։   Գործի դրեցինք աչքաբաց ռուս զինվորին, որը խումհարի մեջ էր եւ անընդհատ օղի էր պահանջում։ Ձեւակերպեցինք ասելիքը եւ ուղարկեցինք։
- Զորամասից կարտոֆիլ ենք բերել ու վաճառում ենք կիլոգրամը 50 կոպեկով (կարտոֆիլի գինը երկու ռուբլի էր), - առաջարկել էր։
- Մենք կարտոֆիլ ունենք, բայց հիմա հարեւաններին կտեղեկացնեմ, - պատասխանել էր։
Հազիվ էր զինվորը մեզ փոխանցել պատասխանը, երբ բացվեց տան դարպասը ու մեր ուղղությամբ քայլեց միջահասակ ու հսկա մի տղամամարդ, հասակը մոտ 190 սմ, քաշը՝ 120 կգ։ Դեռ չէր հասել մեզ՝ դարպասը կրկին բացվեց։ Կինն էր, հարեւաններին ձայն տալով քայլում էր ամուսնու ետեւից։
Տղաներին հրահանգեցի մի քանի քայլ ետ կանգնել։ Մոտեցավ. թեւի տակ պարկ կար։ 
- Կարտոֆիլ ե՞ք ուզում, ձեր բախտը բերեց, առաջինն եք, բարձրացեք ու ջոկեք, - ասացի, վերցրեցի թեւատակի պարկը ու նետեցի թափքի մեջ։
Ոտքը դրեց մեքենայի ետեւի անիվին, ձեռքը տարավ դեպի թափքի վերին եզրը, բայց դեռ չկառչած, զգույացավ, հետ քաշվեց ու փորձեց հեռանալ։
- Ու՞ր, - հարցրեցի։
- Գնամ հարեւանիս կանչեմ, - դողացող ձայնով ստեց ու փորձեց  քայլել կնոջն ընդառաջ։
- Կանգնի՛ր բան եմ ասում, - մոտեցա եւ բունցքով, ուժգին ու հանկարծակի հարվածեցի կրծքավանդակի ստորին հատվածին։

Հսկան տապալվեց, գլորվեց ու ընկավ ճամփեզրի փոսորակը։  Կինը, որ արդեն մոտ էր եւ տեսավ այս ամենը, վայնասուն բարձացրեց՝ գյուղը իրար խառնեց։ Բոլորով մեկից վրա հասանք  վախից թուլացած, շնչակտուր ու կարծես կրկնակի ծանրացած հսկային, հազիվ բարձրացրեցինք ու տեղավորեցինք թափքում եւ հմուտ վարորդը ամբողջ թափով մեքենան տարավ սարն իվեր։ Մեր ուղղությամբ սկսեցին կրակել, բայց համոզված էինք, որ վախեցնելու նպատակ էին հետապնդում։ 
Հասանք տղաներին։ Մեծ ոգեւորություն էր։ Ամենաշատը ոգեւորվել էր գինովցած ռուս կապիտանը։ Մի կողմ քաշեցի, խոստացած գումարը հազիվ համոզելով գրպանը խոթեցի, բացատրեցի իրենց սպասվող վտանգի մասին ու խորհուրդ տվեցի չվերադառնալ զորամաս։ Առջարկեցի, վերադառնալ ու գիշերել Գողթանասարի հենակետում։ Տաք էր գլուխը, կտրուկ մերժեց՝ հայհոյելով ադրբեջանցիներին։ Նրանցով զբաղվելու ժամանակ չունեինք, ուր որ էր լեռնանցք կհասնեին մեզ հետապնդողները, իսկ մեզ ամենեւին պետք չէր բախում։
Ճանապարհ ընկանք։ Մեզ համար հեշտ էր՝ տուն էինք գնում։ Ադրբեջանցի հսկայի ոտքերը երերում էին, ծնկներից  ծալվում։ Շալակել հնարավոր չէր՝ ուղղորդում էինք, օգնում էինք ձեռքից քաշելով, հրելով, խնդրում էինք, համոզում։ Անունը Սալեհ էր, Սալեհ դայի էինք ասում։ Բացատրում էինք, թե ինչ նպատակով ենք իրեն տանում, որ նրան ոչ մի վտանգ չի սպառնում, որ ինքը՝ առաջիկա մի քանի օրերին, լինելու է մեզ համար ամենակարեւոր ու արժեքավոր մարդը։ Անհույս էր, ոտքերը քարշ տալով հազիվ էր փոխում ու անընդհատ մղկտում։ Այդպես դանդաղ քայլում էինք դեպի մեքենաներ։ Դեռ ճանապարհի կեսը չէինք անցել, երբ ռադիոկապով փոխանցեցին, որ Օրդուբադի ոստիկանապետ Ֆաիկը երկաթուղու կապով ուզում է խոսել հետս։ Հանձնարարեցի փոխանցել, որ ես վերադառնում եմ Երեւանից, տեղ կհասնեմ մի քանի ժամից եւ եթե հրատապ է՝ հասնելուն պես կկապվեպ։ Մեղրու կայարանապետ Ժորա Հայրապետյանի միջոցով կրկին փոխանցեցին, որ ես ոչ մի Երեւան էլ չեմ գնացել, այլ Գանձակ եմ գնացել եւ, որ մեր արածը շատ վատ հետեւանքներ է ունենալու։ Տաքգլուխ կապիտանին բռնել էին։ Նրան հյուրասիրողները հավանաբար շատ էին անկեղծացել, սա էլ իր հերթին պատմել էր իր իմացածը։ Հասանք մեքենաներին, ուր կրակի մոտ նստած սպասում էր Ղեւոնդը։ Նա անկեղծորեն գրկեց Սալեխ դայիին ինչպես հարազատ քեռուն։ Հասանք Գուդեմնիս ու Վարհավար գյուղերի միջակայքում գտնվող աղբյուրին, ուր սեղան ու նստարաններ կային։ Բացի կապիտանին հյուրասիրողներից, մյուսներս շատ քաղցած էինք։ Նստեցինք։ Ղեւոնդը Սալեհ դայիին  օղի լցրեց։ Սա փորձեց հրաժարվել, չստացվեց։ Երկու բաժակ խմեց, լեզուն բացվեց ու ասաց. «Ես արդեն համոզվեցի, որ ինձ վտանգ չի սպառնում, իսկ ինձ ընտրելով, ձեր բախտը բերել է։ Ես վեց աղջիկ ունեմ, վեցն էլ ամուսնացած են, փեսաներս էլ ճանաչված ու հարգված մարդիկ են։ Կտեսնեք, թե ինչ են բերելու այդ ազգային ճակատի գլխին»։    Հասանք Մեղրի։ Ոստիկանության ու վաշտի ամբողջ կազմը հավաքված սպասում էին։ Սալեհ դայիին տեղավորեցինք ամենաանվտանգ հյուրանոցում՝ ոստիկանության մեկուսարանում ու գնացինք հանգստանալու։  
Քայլ կատարելու հերթը ադրբեջանական կողմինն էր, համբերությամբ սպասում էինք։ Հոկտեմբերի 16-ին Հայստանում նախագահական աաջին ընտրություններն էին։ Առավոտյան քվեարկեցի ու մեկնեցի աշխատատեղ։ Քիչ հետո զանգեց կայարանապետը ու փոխանցեց, որ Նախիջեւանի ԱՃ լիդեր ու Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ֆարաջը ուզում է հեռախոսով խոսել ինձ հետ մեկ ժամից։ Մեկնեցի կայարան ու սպասեցի կայարանապետի հետ՝ նրա աշխատասենյակում։ Ֆարաջը զանգեց ու առաջարկեց Սալեհ դայիին փոխանակել 14 պատանդներից 4-ի հետ։ Հավանաբար այն չորսի, որոնց մեզ անհայտ վայրում պահում էր ԱՃ-ն։ Պատասխանեցի անմիջապես ու վերջնական.
- Մեզ համար ընդունելի փոխանակման սկզբունքը միակն է՝ բոլորին բոլորի հետ։ Եթե դուք առաջարկում էք մեկ հոգուն փոխանակել չորսի հետ, ապա համբերեք, կբերենք եւս երեք հոգու, եւ հետո միայն կփոխանակենք բոլորին բոլորի հետ, երկու հոգի էլ պարտք կմնաք, - ավարտելուն պես դրեցի լսափողը, բայց մնացի կայարանում։
Կես ժամ չանցած կրկին զանգեց Ֆարաջը ու ասաց. «Համաձայն ենք, ժամը 1300-ի փոխանակենք Սալեհին բոլոր տասչորսի հետ»։ 
Սալեհ դային ճիշտ էր գուշակել։ Փոխանակման ժամանակ Օրդուբադի ոստկանապետ Ֆաիկը ասաց, որ հասարակական տրամադրությունների շրջադարձ տեղի ունեցավ։ Մարդիկ համատարած պախարակելով ԱՃ-ն ասում էին. «Պատանդը հայերի նման են վերցնում՝ տան միջից, թե չէ գնացքից մարդ իջեցնելու համար ձեզ հրոս էիք երեւակայում»։
Մարդատար գնացքը Օրդուբադում կանգնացնելու պահից՝ դադարել էր երկաթուղու գործունեությունը։ Պատանդների փոխանակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը Նախիջեւանի հետ։ Նպատակը՝ երկաթուղու վերագործարկումն էր։ Նրանց կողմից մասնակցում էին եւ իշխանությունը՝ իդեմս ՆԳ նախարար Մահմեդով Մահմեդի, եւ ԱՃ-ն՝ իդեմս մեջլիսի պատգամավոր Ֆարաջի։ Մեծ հաշվով մենք բարձր էինք գնահատում նրանց գործունեությունը այն առումով, որ կարողացել էին բարդագույն իրավիճակում ապահովել 14 պատանդների անվտանգությունը։ Նրանց երկուսին հրավիրեցինք Մեղրի։ Մի քիչ վարանեցին, բայց հավանաբար ամաչեցին ու համաձայնեցին։ Ենոք Անդրեասյանի հետ միասին եկանք Մեղրու հրապարակ։ Իջանք մեքենայից ու համատեղ շփվեցինք հրապարակում եղած մարդկանց հետ։  Այդ օրը, պատանդներից Սիմոն Մուրադյանի հայրը՝ Վանիկ Մուրադյանը, որդու վերադարձի կապակցությամբ ճաշկերույթ էր կազմակերպել, եւ մեզ՝ ղեկավարներիս, հրավիրել։ Առհասարակ նման միջոցառումների չէի մասնակցում։ Բայց այս դեպքում՝ նախորոք զանգելուց ու տեղեկացնելուց հետո, մասնակցեցինք ադրբեջանցի հյուրերի հետ։


Դավիթ Մաթևոսյան

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon