ՀՀ Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը (տեսանյութ)

Կարևոր 17.06.2021   22:27   1906

 ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ

Մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև, այն է՝ ընտրություն կատարել պետականության կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև:

Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը:

Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերը ասելիք և անելիք չունեն: Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար: Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց վարչական, ֆինանսական, լրատվական և քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից:

Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկի օգտին, ըստ էության, մասնակից կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը:

Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը: Ելքը միակն է՝ ձեր ձայնը տվեք Հայ Ազգային Կոնգրեսին և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը:

Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը և այսուհետև էլ, նոր ձևավորվելիք խորհրդարանում, պատրաստ ենք շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար:

Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը: Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք:

Շնորհակալություն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր- Պետրոսյան, ուղերձ, ՀԱԿ, քարոզարշավ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon