Իրավիճակը ռազմաճակատում

Պաշտոնական 29.10.2020   09:05   123

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

«Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։  Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon