ՌԴ ՊՆ. Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից

Արցախ 11.10.2021   10:39   91

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել.

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում կողմերի շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հեետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռուսական զորակազմի հրամանատարությունը հետաքննություն է  անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։

Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ սպանված Արամ Տեփնանցը այգում իր ամենօրյա գործերն անելիս է եղել։

«Արամ Տեփնանցն աշխատում էր իր սեփական տրակտորով, իր սեփական այգում, և ադրբեջանցի զինված ուժերի դիպուկահարը նկատել է այնտեղ ու կրակել այդ ուղղությամբ, որը մահացու հրազենային վիրավորում է ստացել», - հայտնել է խոսնակը։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի խոսքերով՝ «տրակտորը վար անելիս կրակել են, Արամը տեղում մահացել է, դիակը հանել են, բերել հիվանդանոց։ Խաղաղապահներն իր մոտ նստած են եղել` տրակտորի մեջ: Կասկածելի բան է եղել, գնացել են խաղաղապահները երևի, որ օգնեն, այդպես է ստացվել»:

Ադրբեջանը այս տեղեկությունից ժամեր անց հերքել է թե՛ Ղարաբաղում խաղաղ բնակչի սպանության, այնպես էլ Հայաստանում Երասխի ուղղությամբ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Խաչատրյանի վիրավորվելու մասին հայկական կողմի հայտարարությունները։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտակերտ, ադրբեջան, սպանություն, ՀՀ ՊՆ, ԼՂ, խաղաղապահ ուժեր, Արցախ, Արամ Տեփնանց

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon