Ադրբեջանցիները զենքի սպառնալիքով խաղողի այգիներից դուրս են հանել Խրամորթի բնակիչներին
Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն, այսօր՝ փետրվարի 16–ին, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիներում զենքի սպառնալիքով խոչընդոտել են խաղաղ բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Խրամորթի համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
«Մեր բնակիչներին արգելում են աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են և զգուշացրել, որ այլևս չգնան այդ տարածքներ։ Ներկա են եղել նաև ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցի զինվորականները մեր բնակիչներին զենքի ազդեցությամբ դուրս են հանել այգիներից, բայց կրակոց չի եղել»,– ասաց համայնքի ղեկավարը։
Աբրահամյանի խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի, այլեւ հարևան համայնքի բնակիչները։ «Մարդիկ օրվա հաց վաստակելու նպատակով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներով են զբաղվում, բայց ստացվում է այնպես, որ նրանց զրկում են իրենց եկամտի աղբյուրից»։
Հիշեցնենք, երեկ՝ փետրվարի 15-ին, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ:
Նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը: