ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Սպիտակ տուն (տեսանյութ)
Ինչպես գիտեք, այս տարվանից սկսած և եկող տարվա ընթացքում մենք նշում ենք հայ-ամերիկյան գործընկերության 30 տարին և այդ առիթով շարունակում ենք ներկայացնել մեր գործընկերության կարևոր դրվագները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Այս լուսանկարն արվել է Սպիտակ տանը 1994թ․ օգոստոսի 9-ին՝ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած երկրորդ այցելության ժամանակ:
Ստորև ներկայացվում է հատված Վիլյամ (Բիլ) Քլինթոնի 1995թ․ հրատարակած «ԱՄՆ նախագահների հրապարակային փաստաթղթերը․ Վիլյամ Ջ․ Քլինթոն 1994թ․» ժողովածուից (էջ 1453)»։
Հիշեցնենք՝ 1994թ. օգոստոսի 7-ին սկսվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ։
Հայաստանի Նախագահի այցը բացառիկ էր մի քանի առումով։ Նախ, այն կրում էր պաշտոնական-աշխատանքային բնույթ։ Պահպանված էին արարողակարգի բոլոր առանձնահատկությունները, իսկ Հայաստանի պատվիրակությունը (պատմության մեջ առաջին ու դեռևս վերջին անգամ) հանգրվանել էր «Բլեյեր Հաուս»-ում, որն ԱՄՆ նախագահների հատուկ հյուրերի կեցավայրն է։
Հաջորդ օրը առավոտյան ըստ արարողակարգի կանոնների, Հայաստանի Նախագահի պատվիրակությունը այցելում է Առլինգթոնի զինվորական գերեզմանատուն, ծաղկեպսակ դնում անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես նաև Նախագահ Ջոն Քեննեդիի և Ժակլին Քենեդիի գերեզմանին։
Նույն օրը, երեկոյան Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում ընդունում է Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային Հիմնադրամի ղեկավարներին։
Օգոստոսի 9-ի Հայաստանի Նախագահը աշխատանքային ճաշ է ունենում ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ, ապա Հայաստանի պատվիրակությունը մեկնում է Պենտագոն՝ հանդիպելու ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ուիլիամ Փերիի հետ։
Ժամը 17:00-ին Սպիտակ Տան Օվալաձև Աշխատասենյակում սկսվում է Հայաստանի Նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ։
Պաշտոնական հանդիպումներից զատ Հայաստանի պատվիրակության պատվին Սպիտակ տանը նախագահ և առաջին տիկին Քլինթոնների անունից կազմակերպվեց ընդունելություն 300 հյուրերի մասնակցությամբ:
Այցն, ըստ այդ օրերի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանի, աննախադեպ էր:
«Այդ այցը մնում է միակն առայսօր, որ եղել է պաշտոնական: Այցը եղել է հետաքրքիր ձևով կազմակերպված, որովհետև իր մեջ պարունակել է պետական այցի արարողակարգային բոլոր էլեմենտները և այսպիսով այն կարող ենք անվանել ոչ միայն պաշտոնական, այլև պետական»,- ասում է Շուգարյանը: