ԱՄՆ-ի Կոնգրեսի կոշտ քննադատությունը Ադրբեջանի իշխանությունների հասցեին
Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու եւ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, երկուշաբթի հայտարարել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը եւ սենատոր Ռոջեր Ուիքերը:
«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որեւէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, ազատ մամուլից օգտվելու եւ տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ եւ, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն, այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների եւ այլ գործիչների եւ թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել եւ տուգանել են, իսկ մեկ դեպքում հնարավոր է խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների: