Անահիտ Օհանյան. Լևոնը ճիշտ էր, բոլորդ՝ սխալ
Սերժ Սարգսյանին ուղղված լրագրողի հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է «տղա եք, պահեք…», Սարգսյանը պատասխանեց. «տղա էինք, պահում էինք»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Տեր-Պետրոսյանի խոսքը աղավաղվում է ներկայացնելով այնպես, կարծես նա խոսել է Արցախի հանձնելու մասին։ Մինչդեռ նա խոսում էր յոթ շրջանների վերադարձի մասին որպես բանակցային ռեսուրսի, որպես ժամանակ շահելու միջոց, որպես պետականության պահպանման գին։ Նրա միտքը պարզ էր․ ոչ թե հրաժարվել, այլ կանխել ավելի ծանր կորուստը։
Սարգսյանի «տղա էինք, պահում էինք» արտահայտությունը նույն տրամաբանության շարունակությունն է, ինչ ժամանակին հնչեցրած Վազգեն Սարգսյանի «կզիջենք, երբ ստիպված կլինենք» ձևակերպումը։ Այսինքն զիջումը ոչ թե հերքվում էր, այլ հետաձգվում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն չի մնա։
Բայց պատմությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի հաշվարկները սխալ էին։ Սխալ ոչ միայն այն առումով, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռը տարիների ընթացքում աճելու էր, այլ առավելապես այն առումով, որ մի օր երկրի ղեկին կարող էր հայտնվել մեկը, ով ընդհանրապես «տղա» չէ
Սարգսյանը փորձեց հարցը տեղափոխել այլ հարթություն ակնարկելով իբր Տեր-Պետրոսյանը դա ասել է նախընտրական շրջանում ձայներ շահելու համար: Սակայն նա մոռացության է մատնում Տեր-Պետրոսյանի հետևողական զգուշացումները իր նախագահության վերջին շրջանում, հրաժարականի տեքստում,...:
«Միջազգային հանրությունը կգտնի ձևեր ու միջոցներ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել» 1997թ.
Այս խոսքերը ոչ թե ընտրական հնարք էին, այլ խորքային վերլուծություն հիմնված աշխարհաքաղաքական իրողությունների վրա:
Սակայն, Սարգսյանը ընդունում է, որ նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը սխալ, բայց չի կարողանում ընդունել, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, և բոլորը սխալվեցին անտեսելով իրատեսությունը:
Եթե, ինչպես Սարգսյանն է ակնարկում, «տղա» լինելը բավարար էր այդ տարածքները պահելու համար, ապա Ինչո՞ւ չկարողացավ պահպանել նույնիսկ սեփական իշխանությունը։
«Տղայի» համբավ կարելի է վաստակել մեկ դավաճանությամբ, հեղաշրջմամբ, բայց այն պահել, պատմության քննությունն անցնելն է չափազանց դժվար:
Խնդիրն այն է, որ Սարգսյանը դեռ չի հասկացել, «տղայականությունը» կարող է ազդեցիկ լինել փողոցում, կարող է ազդեցիկ լինել ներքին հարաբերություններում, բայց այն որևէ արժեք չունի միջազգային հարաբերությունների համակարգում, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե տղայականության, այլ ուժերի հարաբերակցությամբ, շահերով և հաշվարկներով։
Ինչու՞ ձեր այդ «տղայական» որակներն ու կառուցած տղայական հարաբերությունները, որոնցով պահում էիք յոթ շրջանները, չօգնեցին ձեզ թույլ չտալու, որ իշխանությունը անցնի «ոչ տղա» փաշինյանին:
Եվ եթե միայն տղայականով հնարավոր լիներ պահել յոթ շրջանները, ապա «հեղափոխություն տեղի չէր ունենա և միջազգային հանրության համբերությունը չէր սպառվի և իր որոշումը «փոստով» չէր ուղարկի նիկոլ փաշինյանի տեսքով: Ինչպես որ հենց Սարգսյանը ինքն է խոստովանել, ինքը պարտվել է շատ ավելի հզոր ուժերի...:
Եվ եթե այսօր ընդունում եք, որ պարտվել եք շատ ավելի հզոր ուժերի, ապա ինչո՞ւ չեք ընդունում նաև, որ դեռևս տարիներ առաջ հնչեցված զգուշացումը իրականում ոչ թե պարտվողականություն էր, այլ պետականալայնատեսություն, որ Լևոնը ճիշտ էր, բոլորդ սխալվեցիք:
Եթե տղա լինելը վճռորոշ դեր ունենար, ապա նիկոլի «տղայականությունը» իր գագաթնակետին էր հասել այն պահին, երբ նա մատ էր թափահարում Պուտինի ուղղությամբ հիշեցնելով Հայաստանի ինքնիշխանության մասին, հայտարարում էր «նոր պատերազմ նոր տարածքներ» և «Արցախը Հայաստան է, և վերջ»։
Դուք կերազեիք նման տղայականությանը:
Բայց հիմնական հարցը մնում է նույնը, արդյո՞ք այդ «տղայականությունը» ծառայեց Հայաստանի պետական շահին, թե՞ հակառակը այն վերածվեց քաղաքական անհեռատեսության դրսևորման Արցախի կորստով ու հայաթափման, հազարավոր զոհերով և փաշինյանին դրեց աշխարհաքաղաքական ծաղրածուի, իսկ Հայաստանը խոցելիության խոր վիճակի մեջ։
Պետությունը չեն պահում «տղայականությամբ»։
Պետությունը պահում են սթափությամբ, ժամանակին ընդունված դժվար որոշումներով և իրականության հետ առերեսվելու քաղաքական խիզախությամբ։


