Արամայիս Ավետիսյան. Միայն հրդեհը հանգցնելուց հետո կարող ենք խոսել մշակույթի մասին
Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մշակութային քաղաքականությանն ուղղված տեսլականի, մշակութային առաջնահերթությունների անտեսման, ՀԱԿ հայեցակարգային առավելությունների և «մութ ու ցուրտ» գնահատականի ընկալման մասին։
Արդեն երկար տարիներ մեծ արտագաղթ է տեղի ունենում, և Հայաստանից հեռացողներից շատերը մշակութային գործիչներ են։ Արամայիս Ավետիսյանը կարծում է, որ խնդիրը լուծելու համար քաղաքական մշակույթի տեսանկյունից ռոմանտիզմը և միֆերով առաջնորդվելու ողբերգական դեմոնստրացիան պետք է փոխել իրատեսության մշակույթով։
«Իրականությունը, որում մենք ապրում ենք, ստատիկ չէ, էդ կոնտեքստում գրվող տեքստերը կրում են զուտ հրապարակախոսական բնույթ»,– ասում է նա։
Ավետիսյանի խոսքով` օպտիմիզացման կոնտեքստում մշակույթի նախարարությունը չպետք է ընդգրկվեր կրթության, գիտության և սպորտի կազմում։