Արցախում մեկնարկել է ձմեռային զորակոչը
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը:
Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկներն անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը։ Նրանք նաև վիճակահանության միջոցով ընտրում են այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:
«Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունն առավելագույնս ապահովելու նպատակով, միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները։ Վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է»,–գրված է հաղորդագրության մեջ։
Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անուղղակիորեն հաստատել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ Արցախի զինված ուժերն այսուհետ կձևավորվեն պայմանագրային հիմունքներով: