Արման Գրիգորյան. Բավական է վիրավորեք մեր հավաքական ինտելեկտը

Հայ քաղաքական մտքի նոր գոհարը. եթե պատաերազմը չի ավարտվում կողմերից մեկի լիակատար ջախջախմամբ ու կապիտուլյացիայով, որևէ այլ արդյունք չի կարող սահմանվել որպես հաղթանակ։ Ավելին, իմաստ չունի նունիսկ խոսել ավելի շահեկան ու ոչ շահեկան պայմաններով խաղաղություն հաստատելու մասին։ Դա պարապ-սարապ խոսակցություն է։ Կամ մտնում ես հակառակորդի մայրաքաղաքը, դրոշդ պարզում նրանց պառլամենտի տանիքին, սպանում բոլոր տղամարդկանց ու գերեվարում բոլոր կանանց, կամ աննպատակ ու անիմաստ արյուն ես հեղել ու ոչնչի չես հասել, որ կարելի կլիներ հաղթանակ կոչել։
Սրան զուգահեռ իհարկե կա նաև այն ոչ մի փաստից ու փաստարկից չսասանվող պնդումը, որ եթե կողմերից մեկն էդ տեսակ կապիտուլյացիա չի պարտադրում, դա միայն պարտվողական նախապատվությունների հետևանք կարող է լինել և ուրիշ ոչ մի բանի, ինչպես վերջերս քաղաքական մտքի մեծ ռահվիրա Միքայել Աջապահյանն էր պնդել։
Էս մարդիկ գոնե տեղյա՞կ են, որ էդ սահմանմամբ միակ հաղթանակը աշխարհի նորագույն պատմության ժամանակահատվածում Երկրորդ Համաշխարհայինի ելքն էր ու նույնիսկ էդ դեպքում որոշ վերապահումներ կան։ Ըստ էդ մարդկանց` Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը հաղթանակ չէր Գերմանյիայի համար, ռուս-ճապոնական պատերազմի ելքը հաղթանակ չէր Ճապոնիայի համար, ֆրանկո-պրուսական պատերազմի ելքը հաղթանակ չէր Պրուսիայի համար, Ղրիմի պատերազմը հաղթանակ չէր Անգլիայի, Ֆրանսիայի ու Օսմանյան կայսրության համար, Քյուչուք-Քայնարջըի, Յասիի, Ադրիանապոլսի պայմանագրրերով ավարտված ռուս-թուրքական պատերազմները հաղթական չէին Ռուսաստանի համար, Ձմեռային պատերազմը հաղթական չէր Խորհրդային Միության համար։ Վերջապես, Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքը հաղթանակ չէր Ադրբեջանի համար։
Էս շարքը դեռ շատ երկար կարելի է շարունակել, բայց երևի կարիք չկա։ Կարիք չկա նաև քաղաքագիտական ծավալուն դասախոսություն կարդալու, թե ինչ է նշանակում հաղթանակ ու պարտություն և ինչու հակառակորդի անվերապահ կապիտուլյացիայով ավարտված պատերազմներն ընդամենը հաղթական պատերազմների բազմության ենթաբազմություն են։ Վստահ եմ բոլոր ոչ կասկածելի շարժառիթներ ու գոնե սենյակային ջերմաստիճանի չափ մտավոր կարողություններ ունեցող մարդկանց համար դա ակնհայտ է։
Կարիք կա ասելու ընդամենը հետևյալը Վահրամ Աթանեսյանին, Սամվել Բաբայանին, Միքայել Աջապահյանին ու մյուսներին։ Դուք շատ լավ գիտեք,, որ 1994 թ.-ի արդյունքը հաղթանակ էր։ Դուք շատ լավ գիտեք նաև հաղթանակի ու հաղթանակն ամրագրելու տարբերությունը։ Վերջապես, շատ լավ գիտեք, թե ինչու չամրագրվեց այդ հաղթանակը և ում մեղքով։ Բավական է վիրավորեք մեր հավաքական ինտելեկտը։