«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. «Գերագույն հիմարության խրախճանքի խեղկատակները»

Արման Գրիգորյան. «Գերագույն հիմարության խրախճանքի խեղկատակները»

Բնության մեջ հիմարության երեք աստիճան կա. 1) հիմար մարդիկ; 2) մարդիկ, որոնք չեն կողմնորոշվում սկզբից կոշիկն է պետք հագնել, թե գուլպաները; 3) մարդիկ, որոնք համոզված են, որ արդյունքները ցանկությունների ոչնչով չմիջնորդավորված ու չկաշկանդված հետևանք են։

Հիմարության վերջին աստիճանի մասին նախկինում էլ խոսել եմ ու մի քանի անգամ, բայց էդ խնդիրը համառորեն իր ակտուալությունը չի կորցնում։ Նույնիսկ մի տեսակ վարժվել ենք հայկական քաղաքական ու վերլուծ(չի)ական դաշտի էս խրոնիկական ախտին ու առանձնապես չենք էլ նկատում։ Մի ահռելի ինդուստրիա է աշխատում մարդկանց համոզելու, որ ոչ թե էդ ամբողջ դաշտի քաղաքական գաղափարներն էին սնանկ, որ մեզ էս աղետալի վիճակին են հասցրել, այլ որովհետև մենք ավելի մեծ չերազեցինք ժամանակին, այլ որովհետև Տեր-Պետրոսյանը 94 թ.-ին կապիտուլյացիա չպարտադրեց, որովհետև 1998 թ.-ին հարցը չլուծեց։ Վիլսոնյան Հայաստանը չի իրականանում, որովհետև պարզապես ինչ-որ անհասկանալի պատճառով Հայաստանի մինչև օրս եղած իշխանությունները հրաժարվել են դա արտաքին քաղաքական օրակարգի մեջ ներառել։ Թուրքերի հետ բանակցություններում պետք է շատ պահանջել, որովհետև ինչքան շատ պահանջենք, էնքան շատ կստանանք։ Արևմուտքին ընդամենը դիմել է պետք, հաջորդ պահին մեզ ՆԱՏՕ կընդունեն, զենք կվաճառեն ու խաղաղապահներ կուղարկեն։ Արցախի հարցում պետք է վերջապես հասկանանք, որ անհրաժեշտ է առաջնորդվել «անջատում հանուն փրկության» դոկտրինով։ Միանգամից ամեն ինչ տեղը կընկնի։ Պետք է զարգանանք, զինվենք ու հաղթենք և ոչ թե խոսենք խաղաղության ու եղածը փրկելու մասին։ Եվ այսպես շարունակ։

Էս բոլոր պնդումներն ու դրանց հեղինակները միավորված են մի բանով։ Նման հայտարարությունները ոչ մի մտավոր ջանք, ձիրք, գիտելիք, պատասխանատվություն չեն պահանջում։ Բացարձակապես ոչ մի։ Զրո։ Ինչ ուզես կասես։ Ինչ ուզես կարող ես քննադատել։ Ոչ մեթոդ կա, ոչ փաստարկման կարիք, ոչ փաստական հիմնավորման անհրաժեշտություն, ոչ խնդիր ուսումնասիրելու պարտադրանք։ Սահման էլ չկա։ Երազիր ու պահանջիր ուզածիդ չափ։ Կարելի է նույնիսկ նույն մտավոր համքարության մյուս անդամներին քննադատել ոչ բավարար էքստրավագանտ երազելու մեջ։ Ասենք ինչու՞ միայն Վիսլոնյան Հայաստան։ Էդ Կիլիկիան ձեզ ի՞նչ է խանգարում, այ սրիկաներ։ Կամ ինչու՞ միայն Արցախ։ Բա ու՞ր մնաց Ջավախքը։ Իսկ ինչու՞ բավարարվել Ջավախքով։ Ի վերջո, եթե Աջարիա դուրս գանք, Սև ծով ելք կստանանք։ Բայց միայն Ջավախքով բավարարվողները էս պարզ ճշմարտությունը չեն հասկանում։ Այ, իրենք հասկանում են, թե ինչ կարևոր է դեպի ծով ելք ունենալը։ Մյուսները չեն հասկանում և պրոբլեմը դա է։
Հիմա, ինչպես արդեն ասացի, բոլորս մի տեսակ վարժվել ենք գերագույն հիմարության էս խրախճանքին։ Չենք էլ նկատում այլևս։ Առօրյա աղմուկի մասն է դարձել երևանյան փողոցի շչակների պես։ Բոլորս գիտենք, թե ումից է բաղկացած խեղկատակների աստղաբույլը, որ զբաղված է էս անպատվաբեր գործով։ Դրանց ոչ մի նորմալ մարդ լուրջ չի վերաբերվում, եթե նույնիսկ դրանց ձայնն ամենալսելին է մեր հասարակության մեջ։ Դրանց առավոտից իրիկուն ծաղրում են նորմալ մարդիկ։ Բայց երբեմն հայտնվում են ինչ-որ անհասկանալի կերպարներ, որոնց հրաշալի «ռասկրուտկա» են արել, որոնց լրջության որոշակի շղարշ են հաղորդել, բայց որոնք ասում են էդ նույն հիմարությունները առանց նույն ծաղրուծանակին արժանանալու։ Ասում են ահավոր ամբարտավան, վերամբարձ տոնով։ Երբեմն դրանք դրսից եկած կամ դրսում գտնվող, անգլերեն ամերիկյան առոգանությամբ կամ ռուսերեն առանց հայկական առոգանության խոսող, մեզ` աբորիգեններիս իրենց օլիմպիական բարձունքներից խելք սովորացնող կերպարներ են։ Երևի դա է պատճառը, որ էդ մարդիկ նույն ծաղրուծանակին չեն արժանանում, ինչ ասենք` Խզմալյան Տիգրանը կամ Պապյան Արան։ Շատ իզուր։

Նման կերպար է մի երկու տարի առաջ Հայաստան տեղափոխված Էրիկ Հակոբյանը, որը Սիվիլնեթում սովորաբար ինչ-որ տրիվիալ բաների մասին է խոսում էդ նկարագրածս տոնով ու որին, չնայած իր ասելիքի կայուն անպետքությանը, շատերը համարում են լուրջ մարդ։ Երբեմն էլ փորձեր է անում ոչ տրիվիալ բաներ ասելու, ինչպես իր վերջին հարցազրույցում, որտեղ քննադատել էր առաջին նախագահին ժողովրդին հուսահատեցնելու մեջ։ Նախագահն, ըստ էդ խեղկատակի, դրա փոխարեն պետք է ասեր, որ պետք է զարգանալ ու զինվել։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հասկանու՞մ եք, Լևոն Տեր-Պետրոսյանը գլխի չի ընկել։ Իսկ այ Էրիկ Հակոբյանը հասկացել է, որ զարգանալն ու զինվելը լավ բաներ են։ Ինչպես «Մենք ենք, Մեր Սարերը» ֆիլմի հերոսը կասեր` էդ Սիվիլնեթն էլ շատ անտնտեսվար կազմակերպություն է, ում ասես աշխատավարձ է տալիս։

Հ.Գ. Կարող են որոշ մարդիկ ինձ կշտամբել, թե շատ կոպիտ եմ։ Էդ մեղադրանքն ինձ հասցեագրելուց առաջ խնդրում եմ գտեք նշածս հարցազրույցը (ես իմ պատի վրա դա չեմ դնելու), տեսեք, թե էդ համբակը ինչ տոնով ու բառապաշարով է խոսում հանրապետության առաջին նախագահի մասին, հետո կգաք ինձ կկշտամբեք, որ շատ կոպիտ եմ։

Արման Գրիգորյան