Արտակ Բեգլարյան. Արցախում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարարի հետ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան վիրավորված զինծառայողները։
«Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար:», նշված է Բեգլարյանի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: