
Ցանկացած հասարակություն շերտեր ունի՝ ստորին, միջին, վերին։ Եւ դա կրթական ցենզով, զբաղմունքով չի պայմանավորված։ Շատ թե քիչ նորմալ պայմաններում ստորին շերտը ամենախաղաղն է՝ քաղաքական կյանքի նկատմամբ անտարբեր։ Քիչ դեպքերում է, որ քաղաքական գործիչները իրենց թույլ են տալիս դիմել նրանց օգնությանը՝ դարձնել իրենց հենարանը, էլեկտորատը։ Այդպես վարվում են նրանք, ում հոգեհարազատ են այդ շերտի «արժեքները» եւ ի վիճակի չեն շատ թե քիչ բանական երկխոսություն ունենալ հասարակության միջին եւ վերի շերտերի հետ։
Ուշադրության առարկա դառնալով՝ ստորին այդ շերտը շարժվում, ակտիվանում է՝ պղտորելով հասարակական կյանքը։ Եւ սնունդ է ուզում իր ծառայությունների դիմաց։ Սնունդը, բնականաբար, բանական խոսքը կամ իրական գործը չէ։ Նրա սնունդը հայհոյանքն է ու հերյուրանքը, զրպարտությունը, աղմկոտ տեսարանները, սենսացիոն հայտարարություններն ու գլխիվայր շուռ տված պատմությունները։
Նաեւ քմահաճ է այդ շերտը՝ ամենօրյա իր «կերակուրը» նա սպասում է նախ եւ առաջ առաջին դեմքի ձեռքով։ Ահա՝ Ն. Փաշինյանի ամենօրյա «ստատուսների» եւ սարքած տեսարանների, ձերբակալությունների գաղտնիքը։ Իշխանությունը կորցնելու մտասեւեռուն վախը վերածվել է հիսթերիկ առօրյայի՝ իր վերջին հույս «էլեկտորատի» սնունդն ապահովելու մշտական հոգսով։ Ահա այդպես են մեր բարձրաստիճան հոգեւորականները դարձել «պոռնկաբարո», կաթողիկոսը՝ «ԿԳԲ-ի գործակալ», վերջին հազար տարում առաջին անգամ ռազմական հաղթանակներ տարած ու անկախ պետականություն կերտած Նախագահը՝ «պարտված» ու «պետականակործան»։ Իսկ կաթողիկոսին ինչ-որ բան ցույց տալու սպառնալիքը եւս մի անգամ աշխարհում հայտնի դարձրեց Հայաստանը որպես ծաղր ու ծանակի առարկա։
Անհնար է պատկերացնել, թե ուր է հասնելու խելագար այս ընթացքը՝ երբ մինչեւ հերթական ընտրություններ դեռ մի տարի կա։