Բագրատ Ասատրյան. Հայաստանն ունի ողջախոհ, իրատես քաղաքացիների օժանդակության կարիք (տեսանյութ)
Սիրելի բարեկամներ, հայրենակիցներ
Դիմում եմ ձեզ՝ այն անձանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել, երիտասարդներին, որոնց հետ շփվել եմ գիտամանկավարժական գործունեության ընթացքում, մեր քաղաքացիներին, որոնք ունկնդրել են հրապարակային ելույթներս և ընդհանրապես այն բոլոր անձանց, որոնք մտահոգված են մեր հայրենիքի ապագայով:
Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է բարդ վիճակում՝ վերջին տասնամյակների անիրատես քաղաքականության, ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների ոչ ճիշտ ընկալման, իշխանության որոշ օղակների ու պետական պաշտոնյաների անպատեհ վարքի պատճառով:
Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ունի ողջախոհ, իրատես քաղաքացիների օժանդակության կարիք: Կործանիչ արկածախնդրության վախճանը, որի ականատեսն ենք բոլորս, մսխեց սերունդների պայքարի արդյունքում ձեռք բերված նվաճումները, ինչն ուղեկցվեց բազմաթիվ մարդկային զոհերով ու մեծագույն կորուստներով: Ցանկացած գնով սեփական վերարտադրությանը ձգտող իշխանությունը և նախընտրական պայքարի մեջ մտած այդ արկածախնդրության կերտողներն իրենց անզուսպ, տգետ կեցվածքով ավելի են ծանրացնում վիճակը:
Կոչ եմ անում ձեզ ձեր հարազատների ու մտերիմների հետ միասին, մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին և սատար կանգնել այն ուժին, որն իրատես մոտեցումներով, իր փորձով ու կարողություններով կարող է ելքեր առաջարկել այս իրավիճակից: Ազգային ժողովում նման ուժի առկայությունը արդեն իսկ կարող է նպաստել անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի մեղմացմանը, կառուցողական մի միջավայրի ձևավորմանը, որում կքննարկվեն օրհասական խնդիրները և կգտնվեն ապագան ավելի հուսալի դարձնող լուծումները:
Այդ ուժը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսն է:
Բագրատ Ասատրյան
ՀԱԿ նախընտրական ցուցակի թեկնածու
17 հունիսի 2021թ.