Բաքվում կայացել է 2 հայ ռազմագերիների գործով նիստը
Բաքվում կայացել է 2 հայ գերիների` Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված շինծու քրգործով նիստը: Գործով դատախազը Սարգսյանի համար 20 տարվա, իսկ Ռաֆայելյանի համար 19 տարվա ազատազրկում է պահանջել։
Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են 2021-ի մայիսին անօրինական ձևով ադրբեջանական սահմանը հատելու և Քելբաջարի շրջանի ճանապարհների ականապատման մեջ: Գործով դատավարությունը կշարունակվի մարտի 7-ին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինվոր։ Հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Սարգսյանն ու Ռաֆայելյանը հենց այս 6 գերից երկուսն են։
Ավելի ուշ, ՊՆ-ն հրապարակել էր նրանց անունները, որոնցից չորսը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։
Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կայքում։