Ցուկերբերգ. «Facebook-ը փոխում է անվանումը։ Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta»
Facebook-ը փոխում է անվանումը։ Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta, Metaverse (մետատիեզերք) ընկերության շնորհանդեսի ժամանակ հայտարարել Է Մարկ Ցուկերբերգը:
Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։
Ցուկերբերգի խոսքով՝ նոր ապրանքանիշը ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կունենա վիրտուալ իրականության մեջ ներկա լինելու էֆեկտ։
«Ես այսօր շատ հպարտ եմ մեր ստեղծածով և ոգևորված նրանով, թե ինչ է մեզ սպասում, մենք այսօր անցնում ենք հնարավորից այն կողմ, հատում ենք ֆիզիկական տարածության սահմանները»,- հայտարարել է Ցուկերբերգը և ներկայացրել ընկերության նոր տարբերանշանը՝ կապույտ Մեբիուսի ժապավենի (անվերջության) տեսքով։