Դավիթ Անանյան, Վաղարշապատի ընտրություններ. ի՞նչ է տեղի ունեցել իրականում
Վաղարշապատում արձանագրված արդյունքները բացահայտում են Հայաստանի գործող ՏԻՄ ընտրակարգի կառուցվածքային հակասությունները: Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընդամենը 21.8% ընտրողների աջակցություն (15,298 քվե՝ 69,866 ընտրողից)։ Սակայն շեմը չհաղթահարած ուժերի ձայների դուրսմղումից հետո այն ձևավորում է ավագանու 58% մեծամասնություն՝ 33 մանդատից ունենալով 19 մանդատ։
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում
Այս ընտրակարգը (համամասնական + Դ’Հոնտի մեթոդ + բարձր անցողիկ շեմեր) իրական ներկայացուցչությունը փոխարինում է արհեստական մեծամասնության ստեղծմամբ։ Արդյունքում՝ ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ստացել են ավելի շատ ձայներ, ստանում են ավելի քիչ ներկայացուցչություն։
Սակայն սա նախադեպ չէ։ Սա նախազգուշացում է։
Վաղարշապատի մոդելը կարող է ամբողջությամբ կրկնվել 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին։ Եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը՝ նույն մաթեմատիկական տրամաբանությամբ, անգամ հանրային մեծամասնության բացակայությամբ։
Ռիսկն ունի երկու երես.
1. Փոքր կուսակցությունների ստացած հազարավոր ձայները «կայրվեն»՝ չհաղթահարելով շեմը:
2. Էլեկտորալ ռեսուրսը կմսխվի, և իշխանությունը կպահպանվի՝ «պարտվածների մասնատմամբ»։
Քաղաքագիտորեն սա նշանակում է․
երբ ընդդիմադիր դաշտում գերակշռում է «խորհրդանշական մասնակցությունը» առանց ռազմավարության՝ համակարգը սկսում է աշխատել ոչ թե բազմակարծության, այլ՝ մեկ ուժի գերակայության ինստիտուցիոնալ ամրապնդման օգտին։ Այստեղ է ձևավորվում ամենավտանգավորը՝ օրինականության և լեգիտիմության տարանջատումը։ Օրենքը գործում է, բայց այլևս չի արտացոլում հանրային կամքի ամբողջական պատկերը։
Վաղարշապատի ընտրությունները պետք է կարդալ որպես ազդանշան։
Եթե մինչև 2026 թվականը չձևավորվեն՝ լայն համախմբումներ, իրական քաղաքական դաշինքներ և ընդհանուր ռազմավարություն, ապա նույնիսկ մեծամասնության ձայները կարող են վերածվել փոքրամասնության ներկայացուցչության, իսկ հանրային սպասումները՝ հերթական փակուղու։
Ուղղում և պարզաբանում
Նախորդ գրառմանս մեջ թույլ էր տրվել տեխնիկական վրիպակ՝ կապված Վաղարշապատի ավագանու մանդատների թվի հետ։ Վրիպակի պատճառը այն է, որ նախնական հաշվարկներում հաշվի էր առնվել հին վարչատարածքային կառուցվածքը, երբ Վաղարշապատի ավագանին ուներ 27 մանդատ։
Սակայն վերջին խոշորացումից հետո (Վաղարշապատ + Խոյ + Ոսկեհատ) համայնքի ավագանու կազմը փոխվել է, և նոր տվյալներով այն ունի 33 մանդատ։ Այս փոփոխության արդյունքում նաև վերանայվել են քաղաքական ուժերի ստացած մանդատների հաշվարկները։
Ճիշտ տվյալներով՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընդամենը 21.8% ընտրողների աջակցություն (15,298 քվե՝ 69,866 ընտրողից)։ Սակայն շեմը չհաղթահարած ուժերի ձայների դուրսմղումից հետո այն ձևավորում է ավագանու 58% մեծամասնություն՝ 33 մանդատից ունենալով 19 մանդատ։
Խնդրում եմ նկատի ունենալ այս ճշգրտված տվյալները։


