ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում (ուղիղ)
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստը։ Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը, Ասկար Մամինը, Ռոման Գոլովչենկոն:
Նիստին չի մասնակցում Ղրղզստանի կառավարության ղեկավար Մուհամեդկալիյ Աբիլգազիևը` երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով: «Հանրապետության ներսում առաջացած հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով մեր ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երևանում»,- ավելի վաղ հայտնել էր երկրի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Օրակարգի համաձայն ՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել միության գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում` մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազնավարական ուղղությունների նախագիծը, էլեկտրոնային առևտրի կարգավորման և այլ հարցեր։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար համալիր ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։
Նախատեսվում է ներկայացնել միության նախորդ տարվա բյուջեի կատարողականն ու քննարկել 2021 թվականի բյուջեի նախագիծը:
Նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների արտահանման աջակցության համար համատեղ միջոցառումների մշակման մասին որոշում կկայացվի։ Բացի այդ, մասնակիցները կքննարկեն առանձին ապրանքատեսակների դրոշմավորման հարցերը նույնականացման միջոցներով։