Գիշերը գնդակոծվել են Կութ գյուղի մոտ տեղակայված մարտական հենակետերը
Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանը։
«Փոխհրաձգությունը եղել է Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում: Գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն գնդակոծվել են մարտական հենակետերը։ Մեր կողմից վիրավորներ չկան», - ասել է համայնքապետը։
Նա նշել է, որ կրակոցները հնչել են ժամը 22-ից մինչև գիշերվա ժամը 1-ը։
Նշենք նաև, որ դիրքերի կրակոցները լսվել են նաև Գեղարքունիքի Գեղամասար և Սոթք համայնքներում։
Գրեթե այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈւ-ն հրետակոծում էր հայկական դիրքերը Արարատի մարզում՝ Երասխում։ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ժամը 02:00-ից հետո, մինչև հիմա իրավիճակը դիրքերում հանգիստ է։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։