Համանախագահներն առցանց բանակցություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ
Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) առցանց բանակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունների և վերջինիս շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցերի հասցեագրման շուրջ:
Այս առնչությամբ նախարար Այվազյանը նշել է, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Այս համատեքստում Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ:
Արա Այվազյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին հումանիտար հարցերի հասցեագրման շուրջ, որոնք ամրագրված են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:
Նախարարը առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»: