Հարութ Ուլոյան. «Չհամակերպվելու» այլընտրանքը
«Չհամակերպվելու» այլընտրանքը
Շատ հեռու չգնանք: 2017 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ որպես այդ պահին բանակցվող փաստաթղթի հիման վրա Արցախի հարցի շուտափույթ լուծման ջատագով, ողջ քաղաքական դաշտը Տեր-Պետրոսյանին մեղադրում էր սեփական պատկերացումները որպես իրականություն ներկայացնելու և բանակցային գործընթացից բխող իրավիճակին համակերպվելու հմար: Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ բուն ԼՂԻՄ-ը պահելու համար մենք պետք է Ադրբեջանին վերադարձնենք որոշ շրջաններ, քանի որ դա է պահանջում միջազգային հանրությունն ու Ռուսաստանը, իսկ դա մերժելը ազգային աղետի առջև է մեզ կանգնեցնելու, թե´ նախկինները, թե´ ներկայիս իշխանությունները, թե´ մյուս ուժերը Տեր-Պետրոսյանին մեղարում էին պարտվողականության մեջ:
***
Թե ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե ինչ կորուստներ արձանագրեցինք դրա արդյունքում, կամ, թե ինչպիսի երազանք է ներկայումս թվում մինչ պատերազմը որոշ տարածքների վերադարձի գնով խաղաղության հաստատման կորսված հնարավորությունը, դա թող ամեն մեկն իր մեջ վերլուծի: Բայց ինչ է տեղի ունենում այսօր:
Այսօր, փաստորեն, ողջ քաղաքական դաշտը կրկին լծվել է ժողովրդին ֆանտազիաներով մոլորեցնելու պատվավոր գործին: Հիմա էլ Տեր-Պետրոսյանին մեղադրում են այն բանում, որ վերջինս «համակերպվել» է ստեղծված իրավիճակի հետ: Ավելին, ինչպես միշտ, խեղաթյուրելով ու բացահայտ ստելով, պնդում են, թե Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներից բխում է, որ Արցախի մնացած մասն էլ պիտի հանձնենք Ադրբեջանին:
Այս թեմաներին անդրադառնալու համար բոլորը պետք է պատասխանեն մի պարզ հարցի, այն է` ներկայումս Հայաստանը որոշիչ դեր ո՞ւնի Արցախի ճակատագրի հարցում, թե՞ չունի: Մնացած հարցերն այս հարցի ածանցյալներն են:
Միայն կատարյալ անմեղսունակը կարող է հայտարարել, թե ներկայումս Հայաստանը որոշիչ դեր ունի Արցախի ճակատագրի հարցում: Եթե մինչ պատերազմը Ռուսաստանի ձեռքում էր գտնվում Արցախի հարցի լուծման բանալին, ապա այդժմ Ռուսաստանի ձեռքում է գտնվում Արցախի ճակատագիրը` գոյության հարցը: Տեր-Պետրոսյանին «համակերպվելու» մեջ մեղադրողները, ըստ էության, մերժում են հենց այս իրողությունը: Ենթադրենք` չենք «համակերպվում»: Հետո՞:
Եթե մինչ պատերազմը փոխզիջման այլընտրանքը պատերազմն էր, ապա այժմ էլ «չհամակերպվելու» այլընտրանքն է պատերազմը: Չգնացինք փոխզիջման, ստացանք պատերազմ: Իսկ այս դեպքում, արդեն, մերժելով «համակերպվելը», Հայաստանը պատերազմ պետք է վարի ոչ միայն Ադրբեջանի դեմ, այլև` սահմանապահ-խաղաղապահ Ռուսաստանի: Եթե մինչ պատերազմը մենք դեն նետեցինք Ռուսաստանի տրամադրած Արցախի հարցի լուծման բանալին, հիմա էլ, ըստ էության, փորձում են մեզ համոզել, որ մերժենք «համակերպվել» այն իրողությանը, որ Արցախի ճակատագիրն, այլևս, մեր ձեռքերում չէ:
«Իսկ ի՞նչ գիտեք, թե ի՞նչ կլինի վաղը, ինչո՞ւ եք հանձնվում»: Թե ինչ կլինի վաղը, դա ոչ ոք չգիտի, իսկ թե ինչ է կատարվում այսօր, դա պիտի որ բոլորի համար ակնհայտ լինի: Ինչ վերաբերում է հանձնվելուն, ապա ողջ քաղաքական դաշտն է մեզ հանձնել հենց այն պահից, երբ որոշել է, որ ժողովրդի ու պետության ճակատագրին կարելի է վերաբերվել «մի օր էլ ձգենք, տեսնենք վաղն ինչ է լինում» արկածախնդրական տրամադրություններով: