Հարութ Ուլոյան. Մարդկայնորեն, իհարկե, հասկանալի է, սակայն...
Արամ Սարգսյանը «Ա1+»-ի եթերում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետոսյանի վերջին հարցազրույցին ու նախկինում բանակցված տարբերակներին, հայտարարում է հետևյալը.
«Առաջին նախագահը հեգնանքով ասաց՝ «Իսկ դուք Վազգեն Սարգսյանին հավատո՞ւմ եք»: Այո, հավատում ենք: 1999 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր ժողովրդի ընտրած իշխանություն էր: Եթե Վազգեն Սարգսյանը հրաժարվեր խնդրի լուծումից կամ ոչ հայանպաստ լուծում աներ, էս դեպքում չէին սպանի, ուղղակի ինքն էլ հրաժարական կտար: Վազգեն Սարգսյանը կողմնակից է եղել խնդրի լուծման, պահել է հայկական շահը ու դրա համար տեղի է ունեցել Հոկտեմբերի 27: Հետևաբար Վազգեն Սարգսյանը չէր ստում:
[...]
Էդ «ուժեղ բանակցողները» [Տեր-Պետրոսյանին է ակնարկում] գնում բերում են «Փուլային» կամ «Փաթեթային» տարբերակ, այլ տարբերակ չեն կարողանում բերել ու իրենք համարում են, որ իրենք լավ բանակցող են: Դրանից հետո եկածը [Քոչարյանին է ակնարկում] բերում է տարբերակ, որը Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակն է: Ու ստեղ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են լինում»:
Վազգեն Սարգսյանի «ստել»-«չստելու» հարցը պետք է դիտարկել 1997-1998 թվականին տեղի ունեցող հեղաշրջման գործընթացի սահմաններում: Երբ Տեր-Պետրոսյանը վերջին հարցազրույցում հայտարարեց, թե «Դուք հավատո՞ւմ եք Վազգեն Սարգսյանին», դա վերաբերում էր հեղաշրջումից մի տարի անց՝ 1999 թվականին Վազգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե եթե իրեն [այսինքն՝ Վազգեն Սարգսյանին] Տեր-Պետրոսյանը հեռացներ, նա հեռանալու էր:
Թե´ Վազգեն Սարգսյանի եղբոր, թե´ որոշ այլ շրջանակների կողմից «գեղեցիկ» կերպով մոռացության է մատնվում այն փաստը, որ հեղաշրջման օրերին նույն Վազգեն Սարգսյանը հանդես էր գալիս բացարձակապես այլ հայտարարություններով: Տեր-Պետրոսյանի հրաժարականից օրեր առաջ Վազգեն Սարգսյանն իր ասուլիսում, պատասխանելով իր հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին, բառացի հայտարարել էր հետևյալը. «Այլ հարց է՝ ես հրաժարական կտամ, թե չեմ տա: Ես հրաժարական չեմ տա» (23.01.1998թ.): Դատեք ինքներդ. որքանո՞վ էր Վազգեն Սարգսյանն անկեղծ, երբ սրանից մեկ տարի անց արդեն հայտարարում էր, որ եթե Տեր-Պետրոսյանն իրեն հեռացներ, նա հեռանալու էր:
Տարօրինակ է այն հանգամանքը, որ Արամ Սարգսյանն ամեն կերպ շրջանցում ու մոռացության է մատնում Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի ստեղծմանը նախորդող իրադարձություններն ու ժամանակահատվածը: Չի պատասխանում այն հարցին, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ Վազգեն Սարգսյանը դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ, ով հանդիսանում էր 1998 թվականին նույն Վազգեն Սարգսյանի լիակատար աջակցությունը վայելող Ռոբերտ Քոչարյանի հակառակորդը: Ի՞նչ էր սա, եթե ոչ սեփական սխալի գիտակցում և սխալի ուղղմանն ուղված քայլ:
Որ Արամ Սարգսյանը գեղեցիկ կերպով շրջանցում է 1998-1999 ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ նա, խոսելով մի կողմից 1997 թվականի «Փուլային» և «Փաթաթային», իսկ մյուս կողմից 1999 թվականին բանակցված «Մեղրիի» տարբերակների մասին, ոչինչ չի ասում դրանց արանքում բանակցված «Ընդհանուր պետություն» կոչվող տարբերակի մասին: Ինչո՞ւ չի խոսում այդ մասին: Շատ պարզ: Քանի որ դրա մասին խոսելիս, Արամ Սարգսյանը ստիպված է լինելու ներկայացնել այդ տարբերակի առավելությունները կամ թարությունները՝ «Փուլայինի» համեմատ, և, որն ամենակարևորն է, ստիպված է լինելու պարզաբանել Վազգեն Սարգսյանի դիրքորոշումն այդ տարբերակի վերաբերյալ:
1998 թվականին ներկայացված «Ընդհանուր պետություն» կոչվող տարբերակում, որին կողմ էին արտահայտվել թե´ Հայաստանը, թե´ Արցախը, Արցախի վերջնական կարգավիճակը սահամանվում է հետևյալ կերպ. «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա [այսինքն` Ադրբեջանի] միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Նույն տարբերակով ադրբեջաներենը սահմանվում էր որպես Արցախի երկրորդ պաշտոնական լեզու: Ահա այս տարբերակին այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը ոչ միայն դեմ չի արտահայտվել, այլև՝ ցավում էր, որ տվյալ տարբերակը մերժվել է Ադրբեջանի կողմից (օրինակ՝ «Իզվեստիա», 21.07.1999):
Մարդկայնորեն, իհարկե, հասկանալի է, որ Արամ Սարգսյանը կամ Վազգեն Սարգսյանի որոշ զինակիցներն ամեն կերպ փորձում են քաղաքականապես խնայել Վազգեն Սարգսյանին, սակայն խնայելն այլ բան է, իսկ իրադարձությունները խեղաթյուրելը՝ բոլորովին այլ: Առավել ևս այնպիսի իրադարձությունները, որոնք եղել են ճակատագրական պետության համար: