Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օրը
- Գորդիոսը կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների` նա գնում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձերբակալում են և ստիպում կուռքերին զոհեր մատուցել: Սակայն սուրբն անդրդվելի էր: Բազում չարչարանքներից հետո նա 320 թվականին ավանդում է հոգին: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:
- Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեություն: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև` պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է` արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թվականին:
- Գրիգորիսը նահատակվել է 549 թվականին Դենշապուհի հալածանքների ժամանակ: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում` վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք` իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-23, 2024-06-29, 2025-01-21, 2026-01-22, 2027-07-29, 2028-01-24, 2029-07-30, 2030-01-21։
Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օրը
Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, ում անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է, ու նա հոգին ավանդում է` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել 305 թվականին: Հայ Եկեղեցին Ս. Կիրակոսին պատվել է հատուկ շարականով:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-23, 2024-06-29, 2025-01-21, 2026-01-22, 2027-07-29, 2028-01-24, 2029-07-30, 2030-01-21։
Читать на русском