Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, ինչի կապակցությամբ նա հայատառ գրառում է արել Twitter-իր միկրոբլոգում:
«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:
Նշենք՝ 1992թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է արձանագրություն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու-Դելիում ստորագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը
Հնդկաստանի քաղաքներում գործում է հայկական համայնք, առկա են նշանավոր հայկական եկեղեցիներ ու կրթամշակութային կենտրոններ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են մշակութային և գիտակրթական համագործակցության ամուր կապեր։
Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին: