«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

«Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերահաստատել իրենց նվիրումը ժողովրդավարության արժեհամակարգին». հայտարարություն

«Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերահաստատել իրենց նվիրումը ժողովրդավարության արժեհամակարգին». հայտարարություն

Խնդրում եմ հասարակական կազմակերպություններին եւ հանրային բոլոր այն խմբերին, որոնք շահագրգիռ են ստորեւ բերվող հարցով միանալ հայտարարությանը: Այն ուղարկվելու է ՀՀ կառավարությանը այսօր ժամը 16-ին: Խնդրում եմ ծանոթանալ, եթե միանում եք, այստեղ մեկնաբանություններում գրեք ձեր կազմակերպության, միավորման կամ քաղաքացիական խմբի անվանումը հայերեն, անգլերեն եւ ռուսերեն, այսօր մինչեւ ժամը 15-ը: Որից հետո կամփոփվի եւ կհրապարակվի հայտարարությունը: Առանձին sms-ով, նամակով կամ չատով մի գրեք խնդրում եմ, չեմ հասցնելու հետեւել, գրեք ուղղակի ցածում, բաց եւ հրապարակային:

Լևոն Բարսեղյան

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը»:

Արդեն մեկ ամիս է, ինչ Բելառուսի ժողովուրդը ոտքի է ելել ընդդեմ բռնապետության և ընտրակեղծարարության: Ի պատասխան խաղաղ հավաքների՝ ցուցարարների նկատմամբ կիրառվում են բռնություններ, առևանգումներ, խոշտանգումներ, հալածանքներ և սպանություններ: Բելառուսի վարչախումբն արհամարհում ու մերժում է միջազգային կառույցների կոչերը՝ դադարեցնելու բռնությունը և իրականացնելու մարդու իրավունքների ոտնահարումների պատշաճ քննություն:

Բելառուսի քաղաքացիական հասարակությունը և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ կոչ են անում հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ՝ քննության առնելու երկրում ստեղծված վիճակը:

Բելառուսի քաղաքացիների ընդվզումը նման է Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, երբ ժողովուրդը, երկու տասնամյակից ավել առերեսվելով ահագնացող ու անպատիժ ընտրակեղծարարությանը և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին, ունենալով բազմաթիվ զոհեր, քաղաքական բանտարկյալներ, խոշտանգվածներ և բռնադատվածներ, դուրս եկավ փողոց՝ մերժելու բռնատիրական ռեժիմը:

Համարում ենք, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:

Հայաստանի դերը ստեղծված իրավիճակում վճռորոշ է:

Հորդորում ենք Հայաստանի կառավարությանը անսալ միջազգային հանրության կոչին և սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու և Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը:

Հայաստանի իշխանությունները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամի բարձր կարգավիճակում պարտավոր են վերահաստատել իրենց նվիրումը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեհամակարգին՝ ազատ ընտրություններին, բռնություններից և հալածանքներից զերծ լինելու իրավունքին, մարդու այլ հիմնարար ազատությունների անբեկանելիությանը»:



 

Читать на русском