Հայաստանի նոր ճանապարհը. Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ծրագիրը
Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ծրագիրը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ազգային նպատակների իրականացման միակ ճանապարհն իրատեսությունն է։ Բոլոր փորձանքների աղբյուրը պատրանքներով առաջնորդվելն է։ Մեր պետությունը պետք է դուրս գա սին երազանքների քայքայիչ փակուղուց, ժողովրդին վերադարձնի ապահովության եւ արժանապատվության զգացումը, քաղաքացիների համար վերստեղծի զարգացման ու բարօրության հեռանկարը:
44-օրյա աղետալի պատերազմը խլեց մեր երիտասարդության մի ողջ սերունդ, պատճառեց անթիվ կորուստներ, մահացու վտանգի առջեւ կանգնեցրեց հայոց պետականությունը։ Այդ պատերազմը չէր լինի, եթե Հայաստանն ընտրած լիներ ճիշտ ճանապարհը։
Վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, չի կարող շտկվել սովորական միջոցներով, պետական կառավարման ստանդարտ ծրագրերով։ Այս արտահերթ ընտրությունները պետք է ընկալվեն որպես հայոց պետականության փրկության հատուկ գործողություն։
Հետեւաբար, մենք ներկայացնում ենք Հայաստանի նոր ճանապարհը եւ Հայաստանի նոր տան կառուցման ճանապարհի ուղենիշները.
1. Անվտանգություն. Վերադառնալ քաղաքական իրատեսության սկզբունքներին, վերականգնել Հայաստանի անվտանգության համակարգը, ստեղծել Ռուսաստանի հետ համագործակցության եւ երկկողմ ռազմավարական շահերի ներդաշնակեցման մեխանիզմներ, վերակառուցել բանակը, Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների աջակցությամբ ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն երկու պետությունների միջեւ վստահության բավարար հիմք՝ զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։
2. Սահմանադրություն. Առաջիկա երկու տարում վերադառնալ նախագահական կառավարման համակարգին եւ անցկացնել Հանրապետության Նախագահի ընտրություններ:
3. Տեխնոլոգիաներ. Հայաստանի ապագան կառուցել որպես տեխնոլոգիապես առաջավոր, էկոլոգիապես մաքուր արտադրությամբ ու գյուղատնտեսությամբ, սեփական քաղաքացիների եւ այցելուների համար հարմարավետ ու գրավիչ երկիր՝ տնտեսական զարգացման առանցքը համարելով առաջավոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության ու գյուղատնտեսության կայացումը։
4. Տնտեսական մեկուսացման վերացում. Ձեռնամուխ լինել Մեղրիից դեպի Ռուսաստան «Հյուսիս-Հարավ» երկաթուղային, ավտոմոբիլային եւ լուսամալուխային միջանցքի կառուցման նախագծի իրագործմանը եւ նպաստել շահագրգիռ երկրների կոալիցիայի ձեւավորմանը։
5. Տնտեսության խրախուսում. Պետական նոր տնտեսական քաղաքականության հարկային, մաքսային, խորհրդատվական, կազմակերպական գործիքներով, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծմամբ խրախուսել արտահանմանն ուղղված արտադրությունը, խթանել արդար մրցակցությունը:
6. Ինտեգրացիա. Հայաստանի նոր քաղաքականության առանցքը դարձնել համաշխարհային տնտեսական համակարգի հետ ինտեգրացիան, շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ-ի, Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բարեփոխումների ապահովման բնագավառում, միեւնույն ժամանակ գործուն աշխատանք տանել Հայաստանը տրանսպորտի եւ հաղորդակցման մայրուղի դարձնելու եւ խոշոր այլ ենթակառուցվածքային պրոյեկտներ իրականացնելու ուղղությամբ` այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Չինաստանը եւ Հնդկաստանը։
7. Մարդկային կապիտալի զարգացում. Վերաիմաստավորել կրթության, գիտության, առողջապահության եւ մշակույթի պետական քաղաքականությունը՝ որպես ներդրում մարդկային կապիտալի զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի մեջ՝ կիզակետ ընտրելով մարդուն, նրա զարգացումը, բարեկեցությունն ու կյանքի որակը, նրա ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը։
8. Արդարադատություն. Արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացման նպատակով անցում կատարել ծանր եւ ոչ ծանր գործերի բաժանմամբ երկօղակ դատական համակարգին, համակարգում ներգրավել նոր, բանիմաց, որակյալ կադրերի, քրեական դատավարության մեջ ներդնել «մեղքի ընդունման գործարք» կոչվող դատավարական ինստիտուտը: