Հայաստանում ներկայումս կա բեզոարյան այծի մոտ 1 500 առանձնյակ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Լուսանկարում բեզոարյան այծի ձագերն են Խոսրովի անտառում:
Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i):
Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ:
Բեզոարյան այծի տեսակի արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:
Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են և գրանցված միջազգային ու հայկական կարմիր գրքերում:
ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին և պարզապես որսի սիրահար մեր քաղաքացիներին հորդորում եմ դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում։
Շրջակա միջավայրի նկատմամաբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»։