ՀՀ ներկայացուցիչը Հաագայի դատարանին խնդրեց կիրառել միջանկյալ միջոց
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում երեկվանից մեկնարկած լսումներին այսօր Հայաստանի կառավարության ներկայացուցիչը մի քանի հարցեր բարձրացրեց՝ առաջարկելով դատարանին մինչև վերջնական որոշում կայացնելը կիրառել միջանկյալ միջոց։
Եղիշե Կիրակոսյանը դատարանին խնդրեց պարտավորեցնել Ադրբեջանին ազատ արձակել 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված հայ զինվորականներին, քաղաքակացիական անձանց.
«Ադրբեջանը պետք է բոլոր այս անձանց վերաբերվի իր միջազգային պարտավորությունների համաձայն, այդ թվում՝ հարգի նրանց անձնական ազատության իրավունքը, զերծ մնա նրանց մարմնական վնասվածքներ հասցնելուց, ինչպես նաև թույլատրի անցկացնել անկախ բժշկական հետազոտություն՝ գնահատելու անազատության մեջ պահվող անձանց առողջական և հոգեբանական վիճակը»։
Հիշեցնենք՝ Հաագայի դատարանը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, սկսեց քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՄԱԿ-ի միջազգային դատարանում ներկայացնելով Ադրբեջանի դեմ հայցը, հայտարարեց, որ այդ երկրի իշխանությունը շարունակում է հայերի հանդեպ դաժան վերաբերմունքն ու իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական ամեն բան ոչնչացնելու քաղաքականությունը։
Նշենք, որ Հաագայի դատարանը Հայաստանի հայցից բացի, քննում է նաև Ադրբեջանի հայցն ընդդդեմ Հայաստանի։ Կողմերը միմյանց մեղադրում են ռասայական խտրականություն դրսևորելու համար և խնդրում դատարանին միջոցներ ձեռնարկել դրան վերջ դնելու համար։