Հրանտ Տէր-Աբրահամեան. Մարտի մեկով ու թեժ ընդդիմադիր պայքարով անցածները...
Մարտի մեկով անցածները, ու նաև հետագա մոտ երկու տարվա առավել թեժ ընդդիմադիր պայքարով անցածները՝ երբ դեռ կային քաղբանտարկյալներ, ոստիկանների հետ գրեթե ամենօրյա բախումներ, ծեծ ուտել, ցրվել-հավաքվել և այլն, առանձին, հատուկ կաստա են մեր հանրային ակտիվ դաշտում: Չեմ ասում լավ կամ վատ, բայց առանձին, ուրիշ հոգեբանությամբ ու ուրիշ զգացողությամբ:
Հետագա տարիներին էդ մարդիկ տարբեր ուղղություններով գնացին, կռվեցին նաև իրար հետ, խռովեցին իրարից, բայց դա էս դեպքում կարևոր չի:
Քաղաքական դաշտի "կռված տղերքն/աղջկերքն են" (աղջիկներն, ի դեպ, այդ թվում երիտասարդ իրապես հավասար տեղ ունեն), որոնք տեսել են ու զգացել են շատ բան, որ ուրիշները չեն տեսել կամ մեղմված տարբերակով են տեսել:
Այդ ամենն՝ ինչը պակաս կարևոր չի՝ մինչև արագ ինտերնետի, լայվերի, զարգացած սոցցանցերի ու կայքերի դարը: Վերջին հանգամանքն իրոք էապես շատ բան է փոխում: Ու ուշագրավ է, որ սրանք վերջին մեկ-երու տարիներն էին առանց այդ բարիքների:
Հետո էլ են եղել շատ բաներ, բայց, ինձ թվում է մարտի մեկի փորձը ոչնչի հետ համեմատլի չէ:
Առթմնի երազ է:
Կանգնել քաղաքի կենտրոնում կրակների մեջ, կրակոցների ձայների ներքո, նայել արյունոտ ասֆալտին, շրջապատված երեք կողմից զորքով, ու հետո ուշ գիշերով, լուսաբացին դեմ հեռանալ հայաթներով ու փոքր փողոցներով.....գայլերի պես:
Հետո շփվել ինչ որ կոնսպիրատիվ ողիներով, մտնել ինտերնետ փոխած պրոկսիներով, ինֆորմացիա ստանալ ձեռքից ձեռք....:
Այս ամենը հոգեբանություն է ստեղծում, զգացողություն է ստեղծում, հայացք է ստեղծում, հոգու մի անկյունում մի գաղտնիք է ստեղծում, որը դժվար է փոխանցել ուրիշներին: Ընկերներ թե թշնամիներ՝ էս հարցում չեն կարող քեզ հասկանալ, որովետև չունեն նույնի կենդանի վերապրումը: Ի դեպ գործով մեղադրյալները, որոնք այդ ամենը ապրել են կաբինետներում, նույնպես անկեղծորեն ի զորու չեն հասկանալ:
Ի՞նչ կլիներ, եթե մարտի մեկին հարցի ուժային լուծման տարբերակ չընդունվեր: Այ սա շատ հետաքրքիր հարց է: Բայց մեր կաստան հաստատ չէր լինի: