Վարդան Հարությունյան. Իշխանությունները չեն գիտակցում, որ գալու պատասխան տալու օրը
Ոչ մի բացատրություն ու ոչ մի արդարացում չի կարող ունենալ քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը։
Իշխանությունները նման ծայրահեղ, նման դատապարտելի քայլի պատրաստվում են գնալ սեփական ծրագրերի իրականացման, դրսից հնչած թելադրանքները, ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու նպատակով։ Նման քայլի լրջությունը, հավանբար, իրենք էլ են գիտակցում։ Իրենք էլ են, հավանաբար, գիտակցում, որ մեծ անօրինականության են դիմում։ Դիմում են, սակայն, որովհետեւ վախեցած են։
Վախենում են, որ խոստումները չեն կատարի, ինչի համար իրենց հաշիվ է ներկայացվելու, որը փակել չեն կարող։ Խոսքն առաջին հերթին դրսից պարտադրված, դրսի ճաշակին համապատասխան Սահմանադրության ընդունմանն է վերաբերվում։
Մի կարեւոր հանգամանք, բայց, չեն գիտակցում։ Չեն գիտակցում, որ նաեւ երկրի ներսում է գալու պատասխան տալու օրը։ Այդ օրը ներկայացված հաշիվը պակաս չի լինելու։ Այս հանգամանքը շատ իշխանություններ ու շատ իշխանավորներ հաշվի չեն առել։ Նրանց թվացել է, թե հավերժ են, թե ինչ ցանկանան կարող են անել, թե այն ինչ տեղի է ունեցել այլոց հետ, իրենց չի սպառնում։ Իրականում, բայց, բոլորն էլ իրենց 2018 թվականն ունեն։ Իրականում, բայց, բոլորին էլ իրենց 2018 թվականն սպասում է։ Եւ ահա, երբ կգա անխուսափելի այդ օրը, այս իշխանություններին ներկայացված մեղադրանքների շարքում, որպես ամենամեծ մեղադրանք, անկասկած, լինելու է քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը։
Մարդու իրավունքներին մատների արանքով նայողներին կամ իրավունքի հարցում քաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվողների համար ավելացնեմ, որ քաղաքացուն իրավունքներ տալիս է Սահմանադրությունը, որոնք անքակտելի են։ Այս փաստը պետք է հաշվի առնել։
Եթե դրսում ապրող քաղաքացիների հետ խնդիր կա, ապա կարելի է հրաժարվել երկքաղաքացիության իրավունքից։ Բայց քաղաքացիներին բաժանել ըստ աշխարհագրության չի կարելի։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան
Նշենք, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօր ընդունեց արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը, ըստ որի քվեարկելու իրավունքից զրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։
Կողմ քվեարկեցին միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները և «Հայաստան» դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը։
Մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ խիստ քննադատել են այս նախագիծը՝ պնդելով, որ օրենսդրական փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական և անհամաչափ սահմանափակում՝ վտանգելով ժողովրդավարական սկզբունքները և խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները:


