«Կոշ» և «Հրազդան» բանտերը կփակվեն
2022 թ․-ի հունվարի 1-ից կդադարեցվի «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը։
Հիմնարկների գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հանձնաժողով կստեղծվի։ Որոշման նախագիծն ընգրկված է Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստի օրակարգում։
Նախագծի հիմնավորմամբ՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է 215 անձի պահման համար (80 կալանավորված անձ և 135 դատապարտյալ)։ Ներկայումս այնտեղ պահվում է շուրջ 157 անձ, որից 69 կալանավորված անձինք և 88 դատապարտյալներ (28 դատապարտյալներ պահվում են փակ, 57 դատապարտյալներ՝ կիսափակ ուղղիչ հիմնարկներում, իսկ 3 դատապարտյալներ՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված պայմաններում)։ Հիմնարկի համալրվածությունը կազմում է ընդհանուր լրակազմի շուրջ 73%-ը:
Արդարադատության նախարարությունը գտնում է, որ հիմնարկը խնդրահարույց պահման պայմաններ ունի՝ հարևան, բնակելի շենքերի հետ համեմատությամբ ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը:
Բացի այդ, ընդամենը 157 անձի համար նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման համար «Հրազդան» ՔԿՀ-ն ունի 120 հաստիքային միավոր: Միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան 1 աշխատակցին «բաժին է ընկնում» 3-4 դատապարտյալ, այնինչ այս դեպքում հավասարակշռությունը, ըստ նախարարության, որոշ չափով խախտված է։
Նախագծով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում հնարավոր է դառնում լուծել այլ քրեակատարողական հիմնարկների կադրային խնդիրները, ինչպես նաև շուրջ 50 հաստիքով համալրել Պրոբացիայի ծառայության կադրային ռեսուրսը:
«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների հաստիքային միավորները կկրճատվեն, և ըստ անհրաժեշտության, կվերաբաշխվեն այլ քրեակատարողական հիմնարկների և Պրոբացիայի ծառայության միջև, իսկ զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները օրենքով սահմանված դեպքերում կգրանցվեն կադրերի համապատասխան ռեզերվում։
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը կիրականացվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, և պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ: