«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. 53+ տոկոսանոց ինդուլգենցիա՝ «ապագադ» քերթելու համար

Մեսրոպ Հարությունյան. 53+ տոկոսանոց ինդուլգենցիա՝ «ապագադ» քերթելու համար

aliqmedia.am. «...Սիրելի՛ հայրենակից, քո 53+ տոկոսով դու Փաշինյանի ու նրա կառավարության ե՛ւ հին մեղքերը (ավելի արմատական մեկը կգրեր՝ հանցագործությունները) ներեցիր, ե՛ւ ազատորեն նոր մեղքեր (ավելի արմատական մեկը կգրեր՝ երկիրը կործանման տանող մեղքեր) գործելու ինդուլգենցիա տվեցիր։ Ու այսուհետեւ բողոքելու, առավել եւս հայհոյելու իրավունքից ինքդ քեզ զրկել ես։

Արդ՝

Երբ տեսնես, որ կյանքդ վատանում է, գները ահավոր բարձրանում են, եկամուտդ չի ավելանում, իսկ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդ պրոբլեմներով զբաղվելու փոխարեն իր ողջ եռանդն ուղղել է այսպես կոչված «նախկինների» դեմ անիմաստ ու անարդյունավետ պայքարին, չհայհոյես. այդ դու էիր, որ քրքջալով ինդուլգենցիա — «չաքուջ» էիր նվիրում նրան, թեպետ թվարկածս տեսել ու մաշկիդ վրա զգացել էիր նախորդ երեք տարիներին։

Երբ քո երկրի սահմանների «դեմարկացիայից» հետո կամ նույնիսկ դրանից էլ առաջ պարզվի, որ դու այլեւս ամառային արոտներ չունես, որովհետեւ սահմանապահ «խաղաղարարը» քեզ չի թողնում հոտդ կամ նախիրդ տանես քո սիրած սարերը, չբողոքես ու չընդվզես. դո՛ւ տվեցիր այդպես վարվելու մանդատը։

Երբ մի Ալեն Սիմոնյան հերթական ցինիկ հայտարարությունը կանի, կամ մի դիլետանտ ՔՊ-ական կներկայացնի լրատվամիջոցների գործունեությունը խիստ սահմանափակող մի տխմար օրինագիծ, որով նաեւ տեղեկություններ ստանալու քո՛ իրավունքը կոտնահարվի, չնեղվես ու չբողոքես. հիշի՛ր, որ դու ես նրանց 53+ տոկոսով լիազորել այդպես վարվել։

Երբ մի խումբ կոճակ սեղմողներ քո ընտանիքի կարիքները բավարարող փոքր բիզնեսիդ վիճակը վատացնելու գնով «սիրելի օլիգարխների» կյանքը լավացնող օրինագիծ կներկայացնեն, չգոռգոռաս, չհայհոյես. դու ես նրանց արտոնել։

Երբ հղփացած ու լկտի մի «ուսապարկ» շշով կհարվածի քո տղայի մեքենայի դիմապակուն (եթե դրանով պրծնեք, լավ է), ինչ է թե այն կայանել է իր կարմիր «Պորշեի» հարեւանությամբ, չբողոքես. դու գիտեիր, որ նա այդպիսին է, դու դրա նման մի քանի բան արդե՛ն տեսել էիր, բայց հին մեղքերին թողություն տվեցիր, իսկ նորերի համար նոր ինդուլգենցիա հատկացրիր։ Ոստիկանություն էլ չգնաս, անիմաստ է. լկտի ու հղփացած ՔՊ-ականը գիտի, որ «ոշշշշշշ մեկ» իրեն չի կարող բան ասել, որովհետեւ ինքը «Նիկոլի քիփն» է։

Եթե վաղը քո աշակերտ զավակին պարտադրեն կարդալ եւ կոնսպեկտավորել սիրելի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» «դարակազմիկ աշխատությունը»՝ «հայ գրականության նորագույն նվաճումը», չբողոքես, դա քո տված լիազորագրով է արվելու։

Եթե վաղը կարդաս, որ վարչապետի տիկինը սիրասուն զավակի ծնունդը նշելու համար էս անգամ էլ Մոսկվայի փոխարեն Փարիզ է թռել, չնախանձես ու չգոռգոռաս, դու դա տեսել էիր, բայց այդպես վարվելու մանդատ տվեցիր։ Ի դեպ, երեւի մտքումդ էլ կասես. «Ես էլ լինեի, նույնը կանեի…»։

Եթե ընտրություններից մի քանի օր անց արդեն պարտադրում են, որ կառավարության անդամները ոտքի թռչեն, երբ վարչապետը ներս է մտնում կամ դուրս է գալիս, ապա եթե վաղն էլ պարտադրեն նրան կոչել «ի՛մ առաջնորդ», չընդվզես, չէ՞ որ այդ նույն նախարարների հետ միասին դու ես ընտրել կամավոր խոնարհումը։

Եվ երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարն արդեն տխմար ու տգետ հայտարարություն է անում, թե «Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետների համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ», իսկ դրան զուգահեռ մի համայնքի ղեկավարի կանչում են մարզպետարան եւ ծեծում (անգամ եթե չես սիրում քո համայնքապետին, միեւնույնն է, հաստատ չես ցանկացել, որ նրա հետ այդպես վարվեն), գլուխդ մի՛ բռնիր. դու այդ հանցագործությունը կատարելու ինդուլգենցիան կամովին ես տվել համապատասխան մարզպետին։

Սիրելիդ իմ հայրենակի՛ց, ավարտելուց առաջ մի բան էլ. ես այս նամակը գրելու էի նաեւ այն դեպքում, եթե 53+ տոկոս ձայնը դու տայիր Քոչարյանին, իսկ 22-ը՝ Նիկոլ Փաշինյանին...»:

Խմբագիր, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում