Մնացականյանը` Փելոսիին. Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է պատերազմական հանցագործություններով
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից, զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, այդ թվում` խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ և քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական և պաշտամունքի վայրերի անխտրական թիրախավորմամբ։
«Այս ամենը հանդիսանում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված էքզիստենցիալ սպառնալիք, ինչին միջազգային հանրությունը կարող է հակազդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման՝ անկախության ճանաչման միջոցով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մնացականյանն արձանագրել է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստին` նշելով, որ այն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ։ Սա, նրա խոսքով, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։