«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Նախկինում 40 օր, իսկ այժմ 6 ամիս. ինքնահակասող մոտեցումներ

Նախկինում 40 օր, իսկ այժմ 6 ամիս. ինքնահակասող մոտեցումներ

Փաստերի ստուգման հարթակը (fip.am) գրում է. «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության հետ անցկացրած խորհրդակցություններից հետո հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Իշխանությունների հայտարարություններում, սակայն, չի հիշատակվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ ԸՕ նախագիծը մշակվել և Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել այս տարվա մարտին։ 

Նախքան ընտրություններն ընտրական բարեփոխումների իրականացումը, ըստ իշխանության և ընդդիմության որոշ գործիչների, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդումների, կարող է հետաձգել ընտրությունների անցկացումը առնվազն վեց ամսով։ Նման օրենսդրական կարգավորում կամ սահմանափակում, սակայն, Ընտրական օրենսգրքի նախագծում ներառված չէ։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ «Լուսավոր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնում էին օրենսդրական փոփոխություններն ընդունել 2018-ի հոկտեմբերի 29-ին՝ նշանակված ընտրություններից շուրջ 40 օր առաջ՝ առանց նման խոչընդոտների մտավախության։

Այն ժամանակ ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քվեարկումը տապալվեց ՀՀԿ-ական պատգամավորների կողմից, ինչը Փաշինյանը որակեց որպես «սաբոտաժ», իսկ ընտրությունները, ի վերջո, անցկացվեցին գործող (2016 թվականի) օրենսգրքով։

Հայաստանի հետհեղափոխական իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ընթացքում և դրանից հետո պարբերաբար խոստացել են իրականացնել ընտրական բարեփոխումներ՝ մասնավորապես, հրաժարվելով նախորդ իշխանությունների կողմից ընդունված «ռեյտինգային» (բաց համամասնական) ընտրակարգից և անցում կատարելով փակ համամասնական ընտրակարգի։ Այս փոփոխությունների առաջնահերթությունն արձանագրվել է նաև մի շարք պետական փաստաթղթերում։

Նիկոլ Փաշինյանի խոստումները

Դեռ 2018 թ․ հեղափոխության փողոցային ակցիաների ընթացքում իր ելույթներում Նիկոլ Փաշինյանն «ազատ և արդար» արտահերթ ընտրություններ կազմակերպելու կարևոր նախապայմաններից մեկը համարում էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները․ «Ես կարծում եմ, որ մինչև ազատ, արդար ընտրություններ անցկացնելը պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, և ընդհանրապես օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է անել, և դա այնպես պետք է անել, որ հապճեպ ոտքի վրա արված փոփոխություններ չլինեն, որ մեծ պրոբլեմներ չառաջացնեն»,- հայտարարել էր Փաշինյանը մինչև վարչապետ ընտրվելը։ «Մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով, Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով ստեղծվում են նաև օրենսդրական երաշխիքներ, որ կարող են առաջիկայում տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել էր Փաշինյանը հեղափոխությունից հետո հրավիրած հանրահավաքներից մեկի ժամանակ։

ԸՕ փոփոխությունները տեղ գտան նաև Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին հրապարակած հետպատերազմյան ճանապարհային քարտեզի 12-րդ կետում․ «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»:

Բարեփոխումների անհրաժեշտության արձանագրումը պաշտոնական փաստաթղթերում

2018-ի ամռանը, արդեն որպես վարչապետ, Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրի երկրորդ կետը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կարևորելով արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը և օրենսդրական բարեփոխումները, որոնցով «անհրաժեշտ է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ… իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ»։  2019 թվականի կառավարության ծրագրում, սակայն, ուղիղ անդրադարձ չկա ընտրական բարեփոխումներին։ 

Այնուամենայնիվ, ԸՕ փոփոխությունների անհրաժեշտությունն ամրագրվեց Դատաիրավական բարեփոխումների 2019 և 2019-2023 թվականների ռազմավարությունների ծրագրերում։ Ծրագրերում, մասնավորապես, խոսք էր գնում սահմանադրական փոփոխությունների միջոցով ընտրական մի շարք բարեփոխումների իրականացման մասին․ «Ընտրական օրենսդրության բարեփոխումների առաջնային նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական օրենսդրությամբ սահմանված համակարգի ինստիտուցիոնալ կայացումն է: Նախատեսվել են մի շարք գործողություններ, օրինակ՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, կոալիցիաների ձևավորման կարգի բարեփոխում և այլն»:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են արտահերթ ընտրություններին պատրաստվելուն զուգընթաց։  Ըստ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ շարունակվում են նաև աշխատանքները փոփոխություններն ընդունելու ուղղությամբ։ 

Այս տարվա մարտին Ազգային ժողովում շրջանառության դրված Ընտրական օրենսգրքի նախագիծը նախատեսում է հրաժարվել բաց համամասնական կամ ռեյտինգային ընտրակարգից՝ անցում կատարելով փակ համամասնականի, որի դեպքում ընտրողները ձայնը տալիս են կուսակցությանը և ոչ առանձին գործիչների։ Ռեյտինգային ընտրակարգի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բարձր «ռեյտինգ» ունեցող քաղաքական գործիչները կամ, օրինակ, բիզնեսմենները, կարող են հավելյալ ձայներ բերել կուսակցության համար։ Այս կարգավորումից հրաժարումը նպատակ ունի ընտրություններն առավել քաղաքական դարձնելու։

Այս ընտրակարգին և դրա խնդիրերին կարող եք ծանոթանալ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին նվիրված Reforms.am նորաստեղծ կայքում։

Ի թիվս այլ փոփոխությունների, նախագծով սահմանվում է նաև ընտրական շեմի իջեցում՝ խորհրդարանում ավելի մեծ թվով կուսակցությունների ներգրավման համար, ինչպես նաև նախատեսվում են քարոզարշավի և կոալիցիաների կազմման համար նախատեսված ժամկետների փոփոխություններ և այլն։  

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ նախկինում գործող իշխանություններն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խնդիր չէին տեսնում Ընտրական օրենսգիրքն ընտրություններից ընդամենը 40 օր առաջ փոփոխելու մեջ, սակայն այժմ մտահոգություններ են հնչում, թե այդպիսի փոփոխությունները կարող են հետաձգել ընտրությունները 6 ամսով», եզրափակում է fip.am-ը:

Անի Ավետիսյան