Նիկոլ Փաշինյան․ երկրորդ կապիտուլյացիայի անոնսը. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Սկսենք առաջին հարցից։ Ակնհայտ է, որ Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր պետք չէ, եթե անգամ դա հիմնված լինի բացառապես ամիսներ առաջ իր իսկ ներկայացրած 5 կետերի վրա։ Թե ինչու՝ հասկանալի է։ Հայաստանը խոցելի է, Ռուսաստանը խրված է Ուկրաինայում, ՀԱՊԿ գոյություն չունի, Արևմուտքը պատրաստ է հանուն էներգետիկ ակնկալիքների աչք փակել Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի վրա, իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչմամբ, էապես կբարդացներ նոր ագրեսիան։ Բայց Ադրբեջանին պետք է նաև, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մերժի ոչ թե ինքը, այլ Հայաստանը։ Եվ ահա հրապարակվում է ադրբեջանական բանակի վայրագությունների տեսանյութը, ու Հայաստանում միանգամայն կանխատեսելիորեն ամրապնդվում են որևէ տիպի խաղաղություն մերժողների դիրքերը․ միջնադարյան բարբարոսների ու ռազմական հանցագործների հետ ի՞նչ խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանն էլ, որ շաբաթներ առաջ ասում էր, թե իբր անգամ դավաճան հռչակվելու վտանգն աչքի առաջ ունենալով «ստորագրելու է այդ թուղթը», տեսանյութի հրապարակումից հետո որևէ փաստաթուղթ չստորագրելու օգտին լրացուցիչ փաստարկ է ստանում։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական դաշտն ու հանրային կարծիքը մանիպուլացնելով փորձում է հասնել իր համար նպաստավոր իրավիճակի։
Անցնենք երկրորդ հարցին։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության գաղտնազերծում է բանակցություններն ու հրապարակում Ադրբեջանի 5 հիմնական պահանջները, որոնք իրենց ամբողջության մեջ ոչ միայն բացարձակապես անընդունելի են, այլև անտրամաբանական, նոյեմբերի 9-ի փաստաթղթից էականորեն տարբերվող և միջազգային նորմերին հակասող։ Գաղտնազերծում է, որպեսզի հանրությանն ու քաղաքական դաշտին բացատրի, թե ինչո՛ւ չի պատրաստվում ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»։ Հասկանալի է, չէ՞, թե գաղտնազերծումից հետո ինչպիսին կլինի հանրության ու քաղաքական դաշտի արձագանքը։ Այդ պահանջները չի կարելի ընդունել, և վերջ։ Անձամբ ինքն էլ, իր տրամաբանությամբ, երկիրը կապիտուլյացիայի հասցնողից կվերածվի «կապիտուլյացիա մերժողի», ընդ որում՝ այդ որոշման հնարավոր հետևանքների պատասխանատվությունը դնելով նույն հանրության ու քաղաքական դաշտի ուսերին։
Նկատեցի՞ք, որ և՛ ադրբեջանցիների վայրագությունների տեսանյութի հրապարակումը, և՛ Ադրբեջանի 5 պահանջների «գույքագրումը» նույն արդյունքին են հանգեցնում՝ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսակցությունները մի կողմ են շպրտվում, ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվում, իսկ դա այս փուլում հենց Ադրբեջանին է պետք։ Ուշադրություն դարձրեք, որ Նիկոլ Փաշինյանի թերթի «հավաստի աղբյուրը» չի ճշտում՝ Նիկոլը պատրա՞ստ է ընդունել այդ 5 պահանջները, թե ոչ։ «Արտահոսքի» հասցեատերերն էլ հաստատ Կաթողիկոսն ու երեք նախկին նախագահները չեն, որովհետև եթե այդպես լիներ՝ Նիկոլն ինքը կհրավիրեր նրանց փակ հանդիպման ու անձամբ էլ կներկայացներ իրական վիճակը։ Հասցեատերը հասարակությունն է, նպատակը՝ երկիրը կործանման եզրին հասցնելու հարցում սեփական պատասխանատվությունից հրաժարվելն ու ամեն ինչում թշնամուն մեղադրելը։ Իսկ դա արդեն մանկամտության գագաթնակետն է, որովհետև բա թշնամի է՝ պիտի թշնամություն անի, պարզապես առաջ չէր կարողանում, հիմա կարողանում է, իսկ դու ինքդ մարմնի ո՞ր մասով էիր մտածում, որ դա թույլ չտալու փոխարեն «բարեկիրթ հարևան» էիր անվանում։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: