ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած զարգացման
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ մեր ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:
Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:
Թարմացված.
Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Տեղեկությունը Twitter–ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` խրոնիկ կույր»,–գրել է Բեգլարյանը:
Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: