Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հարցը
Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի բանակցություններում քննարկված թեմաների շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական ԱԳՆ-ում ունեցած աղբյուրին։
«Կողմերը քննարկվել են այն թեմաները, որոնք շոշափվել են մեր նախագահի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ, ու պայմանավորվել են հետևել դրանց»,-ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման համատեքստում:
Նկատի է առնվում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները»,-ասվում է հաղորդագրության մեջ