Ռազմաճակատ են մեկնել 12 կալանավոր և 9 դատապարտյալ
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են մի շարք դիմումներ, որոնց քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորված անձանց խափանման միջոցները, իսկ 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: