Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանն ապօրինի վաճառել են Գյումրու «Սև բերդը»
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմայի հերթական բացահայտումն է արել: Այս անգամ բացահայտումը վերաբերում է Գյումրու «Սև բերդ» հուշարձանի ապօրինի օտարմանը։
Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ «Սև բերդ» ամրոցը հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ։
«Այնուհետև, պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «Բ» ենթակետի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը։ Դրա շրջանակներում ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերող՝ պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի որոշմանը, պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած ֆիզիկական անձի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջների խախտմամբ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այնուհետև, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, նույնպես անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, խախտել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները և 2005 թվականի մայիսի 19-ին «Սև բերդ» ամրոցը գրանցել են հիշյալ ֆիզիկական անձի անվամբ։ Կատարված «գործարքի» հետևանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Նշենք, որ 2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարն էր Դավիթ Հարությունյանը, պաշտպանության նախարարը՝ Սերժ Սարգսյանը։