«  Մայիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. «Եկել է «գյադաների ժամանակը», գործ ունենք խուժանապետության հետ». Հրապարակ

Սուրեն Սուրենյանց. «Եկել է «գյադաների ժամանակը», գործ ունենք խուժանապետության հետ». Հրապարակ

...Ի՞նչ անեն ընդդիմադիր պատգամավորները, եթե իրենց կողմից ցանկացած՝ անգամ ամենաքաղաքակիրթ ելույթ ու հակադարձում նման արձագանքի է արժանանում, եւ ստացվում է, որ անզոր են ոչ միայն պաշտպանել Հայաստանի պետական շահը, այլեւ՝ անգամ իրենց շահը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այս խորհրդարանը հայ ազգի ողբերգությունն է, որի հետ գործ ենք ունենալու մինչեւ 2026 թիվը։ 
«Երբ երկրի վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից իրեն պահում է թիվ մեկ խուլիգանի պես, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա եւ մնում է անպատիժ, մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր անտակտ արտահայտություն է անում լրագրողներից մեկի հասցեին, երբ Մասիվի թաղապետը մարդ է ծեծում եւ անպատիժ մնում, ի՞նչ եք սպասում նման իշխանությունից»,- ասում է նա եւ շեշտում՝ գործ ունենք խուժանապետության հետ։ 

«Այնպես չէ, որ խորհրդարանական ընդդիմությամբ հիացած եմ, բայց քաղաքական բարքեր, մշակույթ թելադրողն առաջին հերթին իշխանությունն է, եւ առաջին պատասխանատվությունն այս իշխանությունն է կրում։ Գործ ունենք խուժանապետության հետ, կամ՝ արդիական է դարձել Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գործը։ Քաղաքագիտական գնահատական չարժե տալ, իրենց վարքագծով կրիմինալիստները պետք է զբաղվեն»,- նշեց նա։
Նման իրավիճակում ի՞նչ անի ընդդիմությունը․ իմպիչմենտի գաղափարը լավ է՝ ասում է Սուրենյանցը, սակայն քանի դեռ չկա համաժողովրդական շարժում, ակտիվ փողոց, իմպիչմենտի հեռանկարը մնում է մշուշոտ։ «Եթե համաժողովրդական շարժում չկա, իշխանության մեջ ճաքեր չեն առաջանալու, 18-20 պատգամավոր չի միանալու իմպիչմենտին, ի՞նչ իմաստ ունի այն։ Գաղափարը լավն է, բայց ճանապարհային քարտեզը չեմ տեսնում»։

Ըստ քաղաքագետի՝ հասարակությունն ու ընդդիմությունն այս իրավիճակից պետք է դաս քաղեն եւ առաջիկա ընտրություններին համատարած մերժեն ՔՊ-ին․ «Ամենառացիոնալ եւ արժանահավատ ճանապարհը դա է»։
Սուրենյանցի կարծիքով՝ այս խորհրդարանում գտնվելն արդեն անպատվաբեր է։ «Ընդդիմությունը ո՛չ կարող է մթնոլորտ փոխել, ո՛չ էլ որեւէ այլ բան։ Ամեն դեպքում, ընդդիմության ներկայությունը նպաստում է իշխանության դեմքն ամբողջությամբ բացահայտելուն»,- ասաց նա։ Իշխանությունն իր քաղաքական ելույթներում պարբերաբար հղում է անում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եւ մեղադրանքներ հնչեցնում։ Քոչարյանը կառավարել է մինչեւ 2008-ը, եւ այդ տարիների իրադարձությունները հիշելն ի՞նչ օգուտ է տալիս պետությանը, ի՞նչ իմաստ ունի։ «Ներկա-նախկին բաժանումը, թալանի թեման, կոռուպցիայի թեման այլեւս չեն աշխատում մի քանի պատճառներով՝ 7 տարի իշխանության են, թող պատժեն իրենց ասած թալանչի կոռուպցիոներներին։ Հո իրենք ընդդիմություն չե՞ն, որ խոսում են, է՝ թող պատժեն։ Այս իշխանությունն այնքան է թաթախված կոռուպցիայի մեջ, եւ այնպիսի ազգային աղետ են բերել մեր գլխին, որ հաստատ իրենք չեն դասեր տվողները»,- ընդգծեց Սուրենյանցը։

Ամբողջական հոդվածը`«Հրապարակում»