Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը (տեսանյութ)
Յուրաքանչյուր կյանք անգին է, և մենք պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպք չունենալու համար, իր ուղերձի մեջ քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն վարակի տարածումը թույլ չտալն է, այլև առավել խոցելի խմբերին պաշտպանելը և առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխարգելելը:
Այս պահին, ըստ նրա, կորոնավիրուս հաստատվել է 249 քաղաքացու մոտ, որոնց մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները` հանրապետության այլ բուժհաստատություններում:
«Նրանցից մի մասը նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց բժշկական միջամտության: Վարակակիր համաքաղաքացիներից 30-ի մոտ թոքաբորբ կա, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, և նրանցից մեկի` 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս պահին կա մեկուսացված 868 քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում: Հույս հայտնեց, որ նրանք ճշգրտորեն կպահպանեն այդ կանոնները:
Կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի Շիրակի, Լոռու մարզերում, տեղեկացրեց նա` հավելելով, որ դրանցից մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է:
Վարչապետը հայտարարեց` խստացվում են արտակարգ դրության պայմանները.
«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց` Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականը անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար.
«Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին: Բայց ինչպես ասել եմ նախկինում, այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու»:
Փաշինյանը փոխանցեց նաև, որ կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացի առողջացել է, իսկ մեկուսացումից դուրս է եկել 37 քաղաքացի:
Ավելին՝ տեսանյութում