Վարդան Հարությունյան. Կարողանալ ընտրել
aliqmedia-ն գրում է. «Բոլոր նորմալ հասարակություններում ձախողված իշխանությունները հեռանում են։ Ոչ նորմալ հասարակություններում են անգամ լուրջ խնդիրներ ունենում։ Ընդունված այս տրամաբանությունը մեզանում, սակայն, չի գործում։ Որեւէ խոստում կյանքի չկոչած, բոլոր բնագավառներում ու ամբողջությամբ ձախողված իշխանությունը պատերազմից, այսքան զոհերից ու այսքան կորուստներից հետո, այս ծանրագույն պարտությունից ու այս աղետից հետո գլխահակ հեռանալու փոխարեն նոր ընտրություններ է կազմակերպում, այդ ընտրություններին մասնակցելու ու ընտրողների վստահության քվեն կրկին ստանալու հայտ է ներկայացնում։
Անպատկերացնելի անզգամն ու ցինիկը կարող է միայն իր պատճառով հեղված այսքան արյան, այսքան կորուստների համար զղջման ու ափսոսանքի խոսքեր ասելու, հրապարակից հեռանալու ու իր ձախողմների պատճառները հասկանալ փորձելու փոխարեն շարունակել հոխորտալ, բոլորից հաշիվ պահանջել ու սեփական մեղքն այլոց ուսերին բարդել։
Առաջին հայացքից թվում է, թե նման ուժը ընտրություններում հաջողություն գրանցել չպետք է կարողանա։ Բայց, պարզվում է, այլ չափորոշիչներ են գործում մեզանում։ Ամեն ինչ տապալած, երկիրն աղետի հասցրած ուժը ոչ միայն մնում է, ոչ միայն արտահերթ ընտրություններ է կազմակերպում, այլ նաեւ այդ ընտրություններում հաղթելու իրական հնարավորություն ունի։
Պատճառն այն է, որ մեր հասարակությունում ընտրողների մի մեծ զանգված կա, որն առաջնորդվում է ոչ թե սկզբունքներով, ոչ թե սառը դատողությամբ ու հաշվարկներով, ոչ թե իրեն ներկայացված ծրագրերը համադրելով ու տրամաբանական եզրահանգման գալով, այլ սեփական վախերով ու հույզերով։ Ձախողված իշխանությունների հույսը սրանք են ու իշխանական ռեսուրսը։
Եղիր խոստմնազանց, եղիր պատերազմ հրահրած ու այդ պատերազմում պարտված, եղիր նվաստ ու անկարող, եղիր անսքող ստախոս ու անամոթ եւ հրապարակ կանչիր ընտրողների այս տեսակին՝ նրանք կգան։ Կգան, որ քո ականջահաճո զեղումներին տրվեն։ Որ իրենց ուղղված սիրո խոստովանություն լսեն։ Կգան, որ ի դեմս քեզ՝ տեսնեն իրենցից մեկին։ Կգան ու կծափահարեն քեզ։ Նրանց ներկայությամբ կարող ես հպարտանալ պատերազմում արձանագրածդ պարտությամբ եւ կարող ես ուղիղ նայել նրանց աչքերի մեջ։ Նրանցից ամաչելու առիթ չունես։ Նրանց հաշվետու լինելու պարտավորություն չունես։
Եթե մեկ, երկու, տասն անգամ խոստացել ու չես կատարել, բայց քո կանչով մարդու այս տեսակը հրապարակ է եկել ու քեզանից հաշիվ պահանջելու փոխարեն, քեզ խոստումնազանց անվանելու փոխարեն ծափահարում է, ապա խնդիր չէ, կարող ես շարունակել խոստանալ ու խոստանալ։ Կարող ես շարունակել խաբել։
Այնպես որ, «սիրելի ժողովուրդ», որ մեծամասնություն ես, որ չես գիտակցում քո կարեւորությունը, որ չես գնահատում քո կորուստներն ու թույլ ես տալիս, որ աճպարարները քեզ իրենց մեքենայություններում օգտագործեն, ծափահարի՛ր, գնա՛ ընտրության ու ընտրի՛ր ոչ թե նրան, ով իրատես է ու քեզ ճշմարտություններ է ասում, ով քեզ ցավեցնում է, որ ուշքի գաս, ով քեզ դեմ է տալիս դառն իրականությանը, այլ նրան, ով գեղեցիկ խոստումներով բթացնում է քեզ, որի հետ սելֆի ես անում, ով սիրո խոսքեր է շռայլում, կամ նրան, ով հրաշագործի վստահությամբ խոստանում է վերադարձնել կորուստները, բուժել բոլոր վերքերն ու զսպել թշնամու ախորժակը։
Առաջնորդվիր քո վախերով։ Ընտրիր կամ երեկվա մերժվածին, որովհետեւ գիտես, ասել են քեզ՝ Նիկոլը դավաճան է, կամ գնա ու ընտրիր այսօրվա պարտվածին, որովհետեւ զգուշացրել են, եթե նրան չընտրես, ապա կգան հներն ու բոլորիս կուտեն։ Քո ընտրությունը պարտվածի ու մերժվածի միջեւ է։ Դու այս շրջանից դուրս ոչինչ չես տեսնում։
Եվ երբ, որպես քո ընտրության արդյունք, նոր արհավիքներ լինեն, ու դառը կորստի լուրը դուռդ թակի, ինչպես երեկ թակում էր հարեւանիդ դուռը, դու կզարմանաս ու կքարանաս կորստի ցավից, բայց չես հասկանա, թե ինչու այդպես եղավ։ Այսօրվա քո ընտրությունը չես հիշի ու քո պատասխանարվության չափը չես գիտակցի։ Որովհետեւ ընտրելու քո իրավունքին դու կարեւորություն չես տվել։ Այդ իրավունքի ճակատագրականությունը չես գիտակցել։ Սովորական է քեզ համար՝ անսալ «իմացողների» ու «տեղյակների» հորդորներին եւ ընտրել ավազակ Բարաբբային, որ հետո ավազակի ու խաբեբայի զոհ դառնաս ու շվարած բողոքես քո դառը ճակատագրից։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան