«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Յուրի Ավետիսյան. Քննարկումների հրապարակում կրթության մասին օրենքի նախագիծ է

Յուրի Ավետիսյան. Քննարկումների հրապարակում կրթության մասին օրենքի նախագիծ է

Ընդամենը մի քանի օր առաջ շրջանառության մեջ դրվեց ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը: Քննարկումների համար առաջարկվում են կարճ ժամկետներ:

Նախագիծը պարունակում է մտահոգիչ պայմաններ և «պահանջներ», որոնցից մի քանիսի վերաբերմամբ չենք կարող չարտահայտվել:

1. Օրենքում մի շարք հոդվածներով ու ենթահոդվածներով բուհերի ինքնավարությունն ու ինքնակառավարումը (ակադեմիական ինքնավարություն, մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն ևն) հռչակվում են՝ որպես անբեկանելի արժեքներ:

Մինչդեռ մի շարք կետերով ուղղակի կամ անուղղակի խստորեն սահմանափակվում և շրջանցվում են այդ արժեքները: Այսպես.

ա) Հանրային բուհի կառավարման խորհրդի ձևավորումը և ռեկտորի «նշանակումը» ըստ էության վերապահվում են «համապատասխան լիազոր մարմնին» (խորհրդի 12 անդամներից միայն երկուսն են բուհի հիմնական ակադեմիական կազմից, 6-ին առաջադրում է համապատասխան նախարարը ևն. հոդվ. 26): Իր հերթին ռեկտորը նշանակում է ֆակուլտետների դեկաններին (նախկինում վերջիններս ընտրվում էին), որը իր կողմից ձևավորած գիտական խորհրդում ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ամբիոնի վարիչների ԸՆՏՐՎԵԼԸ: Բրգաձև կառավարման այս համակարգում հետնամուտքերում են հայտնվում բուհական ինքնավարությունը և հանրային (ակադեմիական կազմի) կամքն ու կառավարման ազատությունը:

բ) Հոդվ. 31-ը հռչակում է բուհի ռեկտորի պաշտոնում ընտրվելու՝ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը, եթե նա «ունի գիտական աստիճան և բուհում դասավանդման կամ գիտական կամ վարչական աշխատանքի….» ևն: Նախ՝ նախընտրելի է ռեկտորի պաշտոնում տեսնել դոկտորի գիտական աստիճան ունեցող մեկին. դա ենթադրում է գիտական որոշակի կարգավիճակ և հեղինակություն: Եվ երկրորդ՝ օրենքի համապատասխան կետում անպայման պիտի շեշտադրվի ռեկտորի թեկնածուի աշխատանքային փորձի առկայությունը ՆՈՒՅՆ բուհում. կարծում ենք՝ բուհի ռեկտոր կարող է ընտրվել տվյալ բուհում 5 տարի աշխատած և վաստակ ունեցող գիտնականն ու կառավարիչը և ոչ թե այլ բուհից «բերման ենթարկված» մեկը:

2. Օրենքի նախագծում հստակ չեն սահմանվում բուհի ակադեմիական կազմի տեղակալման իրականացման սկզբունքները՝ ասիստենտի, դոցենտի, դասախոսի պաշտոններում ընտրության կարգը ևն:

3. Բուհում վարչական պաշտոնում ընտրված կամ նշանակված անձի լիազորությունների դադարեցման տարիքի այդչափ սահմանափակումը (65 տարեկան. հոդվ. 38, կետ 15) կրթական-գիտական փորձի ենթադրվող սահուն փոխանցումներում լայն դուռ է բացում ձախորդ զարգացումների համար:

4. Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հավասարազորեցումը դոկտորի գիտական աստիճանին, այսինքն՝ գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգի վերացումը (հոդվ. 41, կետ 3-րդ) խստորեն կմղի գիտական լուրջ կորուստների մասնավորապես հայագիտության ոլորտում: Հիշեցնենք՝ երկաստիճան համակարգը գործում է Եվրասիական միության անդամ երկրներում. փոփոխությունը մեզանում դժվարություններ կստեղծի այս երկրների հետ գիտակրթական արդյունավոր գործակցության մեջ: Բացի այդ, երկաստիճան համակարգը իրենց քաղաքակրթական փորձով արդյունավետ են համարել և պահպանել են գիտական անբեկանելի արժեքներ դավանող եվրոպական մի շարք երկրներ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա ևն:

5. Օրենքի նախագծում մոռացության է մատնված բուհական կրթության համակարգում հայագիտական առարկաների, մասնավորապես՝ Հայոց լեզվի (այժմ՝ «Հայոց լեզու և խոսքի մշակույթ») պարտադիր ուսուցման անպայման իրավունքը, որը սահմանված է ՀՀ լեզվի մասին օրենքով («Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են». ՀՀ օրենքը լեզվի մասին, 1993 թ., հոդվ. 2. օրենքը հետագայում մասնակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն այս կետը մնացել է անձեռնմխելի), և որը, ի դեպ, արձանագրված է նաև ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին գործող օրենքում. «….անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ». հոդվ. 8, 2-րդ կետի 2-րդ ենթակետ, 2004 թ.:

6. Օրենքի այս նախագիծը աշխատանքային ավարտուն տեսքի բերելու համար, կարծում ենք, պետք է կազմակերպվեն հանրային լսումներ և քննարկումներ՝ առանց անհարկի շտապողականության:

Յուրի Ավետիսյան